Լրահոս
Օրվա լրահոսը

««Ուժեղ Հայաստան»-ը կաշառք բաժանելու կարիք չունի, իսկ ՔՊ-ն առանց իրավախախտումների եւ վարչական ռեսուրսի վերարտադրվելու հնարավորություն չունի»․ Գոհար Մելոյան

Մայիս 29,2026 16:31 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ բազմաթիվ հարցադրումներ է ստանում քաղաքացիներից ընտրական գործընթացի վերաբերյալ։ «Նաեւ ահազանգեր ենք ստանում ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ինչն առավել քան մտահոգիչ է, որովհետեւ մեր քաղաքական ուժի, մեր դաշինքի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար եւ իրավական ընտրություններն են։ Եվ մենք հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք»,- ասաց նա։

Գոհար Մելոյանը ներկայացրեց, թե ինչ է սպասվում քաղաքացիներին, քանի որ ընտրական գործընթացի վերաբերյալ, նրա խոսքով, քաղաքացիների չիմացություն կա։ Մարդը մտնում է ընտրատեղամաս եւ չի իմանում, թե ինչ է իրեն սպասվում, չգիտի քայլերի հաջորդականությունը։ «Մենք այսօր հրապարակելու ենք թեժ գծի հեռախոսահամար, որը գործելու է թե մինչեւ հունիսի 7-ը, թե հունիսի 7-ին ողջ օրվա ընթացքում, որի միջոցով քաղաքացիները կարող են զանգել հնարավոր միջամտությունների եւ ընտրախախտումների վերաբերյալ»,- ասաց նա։

Գոհար Մելոյանը ներկայացրեց, թե քաղաքացին, մտնելով ընտրատեղամաս, ինչ գործողություններ պետք է իրականացնի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա ասաց, որ ընտրախախտումները լինում են նախընտրական ու հենց ընտրության օրը։ Անդրադարձավ իշխող ուժի թույլ տված խախտումներին։ «Այս խախտումների քանակն ու որակն արդեն գալիս են գնահատական տալու ընտրությունների որակին։ Այս խախտումների ծավալը կարող է ընդհանուր առմամբ դելեգիտիմացնել ողջ ընտրական գործընթացը մեր երկրում։ Իսկ այդ ծավալն արդեն իսկ ակնհայտորեն պարզ է, որ շատ է։ Այսինքն՝ գործող իշխանության գործելոաճի տրամաբանությունը գալիս է վկայելու, որ առանց հակաօրինական միջամտությունների՝ իրենք չեն կարող վերարտադրվել։ Եվ իրենց կողմից թույլատրվող խախտումների տեսակներն ու ծավալները գալիս են վկայելու այդ մասին։ Այսինքն՝ այս մարդիկ արդեն ունեն գիտակցում, որ առանց վարչական ռեսուրսի իրենք չեն վերարտադրվելու։ Քաղաքացիները չունեն համակրանք այս քաղաքական ուժի նկատմամբ, ինչը նաեւ բնականոն է, որովհետեւ երկու ժամկետ ընտրվել են։ Եվ այստեղ շատ սյուռ իրավիճակ է՝ նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, որը երրորդ ժամկետի գնալու համար քննադատում էր նախկին իշխանությանը, հիմա գնում է երրորդ ժամկետի։ Եվ գնում է երրորդ ժամկետի՝ երկու անգամ, գրեթե տոտալ տապալելով քաղաքացիներին տրված իր խոստումները»,- ասաց Մելոյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը գրեթե ամբողջությամբ չկատարված է։

Նա նշեց, որ գաղտնիք չէ, որ «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ ճնշումներ են իրականացվում։ «Բայց չնայած այս ծավալի ճնշումներին, միջամտություններին, վարչական եւ իրավապահ մարմինների ռեսուրսների կիրառմանը, քաղաքացիներից մեկին բերման են ենթարկում, ավելի մարտական տրամադրված 10-ը վերադառնում են։ Եվ այն փաստի արձանագրումը, որ այս ժամանակահատվածում տասնյակ հազարավոր քաղաքացիների հոսք կա դեպի մեր քաղաքական ուժ, դա արդեն իսկ բացառիկության մասին է փաստում։ Անգամ միջազգային գործընկերները, մեր աջակիցների քանակը տեսնելով, ապշում են, որովհետեւ դա համաշխարհային պրակտիկայում էլ է գրեթե նորույթ, որ նորածին կուսակցությունը կարող է այսքան համակիրներ ունենալ։ Այնպես որ, ես համոզմունք ունեմ, որ առանց իրավախախտումների եւ այսպիսի չարաշահումների այս ուժը վերարտադրվելու հնարավորություն չունի։ Հետեւաբար, մեր առաջնային նպատակն է այդ իրավախախտումները մաքսիմալ կանխարգելելը»,- հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին՝ Գոհար Մելոյանն ասաց․ «Այսօր եւս Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տվել քաղաքական գործչին, առավել եւս վարչապետին ոչ հարիր խոսույթ։ Ինչ-որ մեկին բոմժ դարձնելը, ունեզրկելը դա ուղղակի սպառնալիք է, դա Քրեական օրենսգրքի շրջանակներում տեղավորվող հանցավոր արարք է, առավել եւս, երբ այս պաշտոնատար անձը արդեն տեսել ենք, որ հնչեցրել է սպառնալիքներ ու դրանք կյանքի է կոչել։ Օրինակ՝ ՀԷՑ-ի չակերտավոր ազգայնացման գործընթացը, որը բացահայտ կերպով մարդու սեփականության իրավունքի խախտում ու ոտնահարում էր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի անդամների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին՝ Գոհար Մելոյանն ասաց․ «Մենք այս ձայնագրությունների հետքերով եւս դիմում ենք միջազգային գործընկերներին, որովհետեւ սա խայտառակ միջամտություն է մեր քաղաքական ուժի նկատմամբ։ Եվ սա ակնհայտ կերպով թիրախավորում է մեզ։ Մենք բնավ կարիք չունենք կաշառք բաժանելու, որովհետեւ այն բնականոն հոսքը դեպի մեր քաղաքական ուժ, եթե տեսնում եք, դա չի ենթադրում կաշառք։ Ինչի՞ համար կաշառք բաժանենք, մարդիկ ինքնաբերաբար գալիս են, անգամ այս ճնշումների պարագայում անդամագրվում են մեզ։ Եվ դրա մասին վկայում են այն բազմամարդ հավաքները, որոնց դուք ականատես եք լինում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով մարդ է ձերբակալվում իրենց քաղաքական ուժից։ Մարդկանց տանում են քննչական մարմիններ եւ արգելու են փաստաբանների մուտքը։ «Իսկ ի՞նչ են անում այդ ձայնագրությունների հետ, ձայնագրությունները վերցնում են պաշտոնատար անձինք՝ նախարար, վարչապետ, պատգամավոր ու ֆեսյբուքապետության տրամաբանության մեջ սկսում են ռիլեր ու հրապարակումներ անել։ Կարո՞ղ է, որ եթե իրենք այդ ռիլերի ու փոստերի փոխարեն մի քիչ գործ անեին, այսքան վատ չլիներ մեր երկրի վիճակը»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031