«Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հարցին, թե պլան «բ» ունե՞ն, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Այդ պլան «բ»-ն ունի հայ ժողովուրդը, ես ի՞նչ պետք է անեմ մենակ։ Հաստատ ժողովուրդն ունի բոլոր պլանները, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, ես վստահ եմ դրա մեջ։ Ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նաեւ Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա։ Դրա համար մենք հիմա անում ենք առաջին քայլը՝ մենք գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով՝ թույլ չտալով ոչ մի ապօրինություն մեր կողմից։ Դուք տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր անհանգստությունները, բայց դուք մի անհանգստացեք՝ իրենք ուրիշ ձեւ չունեն՝ 25 տոկոս ռեյտինգ ունենալով՝ իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե պատրա՞ստ են հետընտրական զարգացումներին, դիտարկո՞ւմ են բողոքի ցույցերի տարբերակը, եւ եթե ՔՊ-ն հաղթի այս ընտրություններում, մանդատները վերցնելո՞ւ են, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Մենք ստանալու ենք հաղթողի մանդատը եւ ձեւավորելու ենք կառավարություն։ Դուք հաստատ իմացեք՝ մենք պատրաստ ենք եւ պատրաստվում ենք ցանկացած քայլի, դրանից ավելին չեմ ասելու ձեզ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե «խոստումները, որոնք Սամվել Կարապետյանը տվել է ՀՀ-ից դուրս գտնվող որոշ շրջանակների, չեն կատարվելու, եւ իր ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է։ Անդրադառնալով այս հայտարարությանը եւ հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանն այս հայտարարությունն արեց հատկապես ՌԴ-ում Պուտինի հետ հանդիպելուց հետո, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում այն ունեցվածքի մասին, որի մասին խոսում է։ Չկա այդպիսի մարդ, այդպիսի ուժ, որը կարող է ինձ ամբողջությամբ ունեզրկել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմությանը ասել էր, որ Սամվել Կարապետյանն այն անձն է, որն ունակ է համախմբել ընդդիմությանը։ Այնուհետեւ ՀԱԿ-ը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի ուժի հետ թեեւ բանակցել են, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել։ Հարցին, թե ինչո՞ւ համախմբումը չհաջողվեց, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ես շնորհակալություն եմ հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին իր կարծիքի համար։ Իրոք, մենք բանակցություններ վարել ենք, վարել ենք շատ ուժերի հետ։ Եվ դուք տեսնում եք, որ շատ ուժերի հետ մենք համագործակցության պայմանագրեր ստորագրում ենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ ուժի, իրենք առաջակել են իրենց օրակարգը, մենք առաջարկել ենք մեր օրակարգը, եւ տեսել ենք, որ դրանք մի քիչ չեն համապատասխանում։ Դրա համար մենք գնացինք մեր ճանապարհով, իրենք գնացին իրենց ճանապարհով։ Բոլորը մասնակցում են ընտրությանը, բայց վստահ եմ՝ ինչ-որ պահի ոլորը ճիշտ կգնահատեն իրենց ուժերը։ Ընտրության սկզբից շատ ուժեր գերագնահատում են իրենց հնարավորությունները, եւ հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































