«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Լրագրողների հետ ճեպազրույցում դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն ասաց, որ քարոզարշավը բավականին հետաքրքիր է անցնում․ «Միայն դրական կարծիքներ ու դրական վերաբերմունք ենք տեսնում մեր հայրենակիցներից։ Փորձում ենք փոխանցել այն տեսլականը, որն ունենք՝ որակական փոփոխություն մեր երկրում»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ գործակալների մասին հայտարարություններին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Ով մեր երկրում գործակալ է, մենք համաձայն ենք, աշխարհի ամենավատ պատիժները, մինչև անգամ Եվրոպական կոնվենցիաներից դուրս պատիժներ՝ այդ մարդկանց։ Ով չորս երկրի գործակալ է, ով դավաճանել է հայ ազգին, ով տվել է հայրենիքի 30 տոկոսը, ով դավաճանել է մեր ժողովրդին, զինվորների արյունը, մենք համաձայն ենք, բոլոր ձևաչափերով ամենախիստ պատիժները պետք է լինեն գործակալներին, լրտեսներին, որոնք լցվել են մեր երկիր և կառավարման մեջ իրենց ազդեցության գոտիներն են ստեղծել»։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանի ներկայացրած խախտումներին ու ահազանգերին՝ Նարեկ Կարապետյանն ասաց․ «Մի քանի հազար թիմակիցներ ունենք որպես վստահված անձ, փորձելու ենք ամենայն խստությամբ պրոցեսները վերահսկել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն։ Մեզ հասնում են տեղեկություններ, որ ՏԻՄ-երում, որտեղ իշխող ուժն ունի ներկայացուցիչներ, կան ճնշումներ մարդկանց վրա։ Եվ պետք է հետևենք, որ այդպիսի բան չլինի։ Մեր հասարակությունն էլ պետք է մեզ օգնի, իրար հետ մենք դա պետք է անենք, թույլ չտանք, որ փորձեն ճնշումներով մարդկանց կարծիքը փոխել»։
Կարդացեք նաև
Հարցին, թե իրավապահներին չեն դիմելո՞ւ, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Իրենց նշանակած իրավապահները մաքսիմում կարող են զբաղվել ձայնագրություն բեմադրելով։ Իրենց նշանակած իրավապահները հաստատ իրենց չեն բռնելու։ Դիմելու ենք, բայց, եթե ճիշտն ասեմ, բացի դատական համակարգից, որտեղ փոքր-ինչ պահպանվել են ինչ-որ ազատություններ, այլ համակարգերում մենք չենք տեսնում այդ ազատությունը։ Տեսնում ենք տոտալ կուսակցականացում, քաղաքականացում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կարապետյանը նաև ասաց, որ մասնակցելու է առաջին համարների մեծ հեռուստաբանավեճին՝ նշելով, որ հետաքրքիր բանավեճ է սպասվում։
Ամբողջական տեսանյութ՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































