Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչողական պատերազմի թիրախներն ու նպատակները` հայկական դաշտում

Մայիս 31,2026 22:13 Share

Ճանաչողական պատերազմի հիմնական թիրախները քաղաքական, հասարակական, մշակութային և գիտական էլիտաներն են, ինչպես նաև հենց հասարակության համոզմունքները։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ձևավորում են երկրի նկատմամբ դրական վերաբերմունք, ազգային ինքնագիտակցություն և պետական պատասխանատվություն։

Ճանաչողական պատերազմում թշնամին թիրախավորված հասարակությունից առաջին հերթին վերցնում է հայրենասիրությունն ու պատասխանատվության զգացողությունը։ Նա փոխում է մարդու ընկալումը սեփական երկրի, ժողովրդի, մշակույթի և պատմության նկատմամբ՝ աստիճանաբար վերածելով նրան սեփական խաղալիքի։

Հայաստանի հասարակությունը 2020 թվականից ապրում է պատերազմի և դրա հետևանքների ծանրության տակ, միաժամանակ շարունակելով քայքայել ինքն իրեն՝ ներսից։ Պատճառը միայն պատերազմը չէ, այլև այն, որ հասարակական, քաղաքական և տեղեկատվական դաշտի զգալի հատվածը կառավարվում է թշնամական ազդեցությունների և դավաճանական մեխանիզմների միջոցով։

Ճանաչողական պատերազմի գլխավոր նպատակը մարդու ընկալումը փոխելն է՝ շրջապատի, պետության, ազգային արժեքների և նույնիսկ սեփական ինքնության նկատմամբ։ Իսկ դրանից հետո հասարակությանը պատրաստել կոնկրետ գործողությունների՝ հաճախ իր իսկ շահերի դեմ։

Հայաստանի հասարակությանն ամեն օր մատուցվում են կառավարության, ՔՊ-ի, տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև որոշ անհատ քաղաքագետների ու վերլուծաբանների կողմից տարածվող հակասական մտքեր և մոտեցումներ։ Սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների միջոցով, տարբեր հոգեբանական տեխնիկաներ կիրառելով, փորձ է արվում հայությանը հիասթափեցնել սեփական արժեքներից, մշակույթից և պատմությունից՝ ներշնչելով, թե հայը անկարող է, թույլ և ապագա չունի։

Ճանաչողական պատերազմում հոգեբանական ազդեցությունը բազմաշերտ է և իրականացվում է տարբեր մեթոդներով. անգամ հայրենասիրության անվան տակ կարող է տարվել այնպիսի քարոզչություն, որը վերջնական արդյունքում հասարակության մի մասին կհիասթափեցնի ամեն ինչից։

Ենթադրենք՝ ինչ-որ անհատ ներկայանում է որպես Արցախի, Սյունիքի կամ Գյումրու իրավունքների պաշտպան, բայց իր վարքով, խոսույթով և գործողություններով այնպես է զարգացնում իրավիճակը, որպեսզի Հայաստանի մյուս շրջանների բնակիչների մեջ ձևավորվի հիասթափություն այդ շրջանների բնակչության, նրանց խնդիրների կամ ընդհանրապես ազգային համախմբման գաղափարի նկատմամբ։ Սա նույնպես ճանաչողական պատերազմի մեխանիզմ է։

Հարկ է հասկանալ, որ ճանաչողական պատերազմը իրականացվում է բազմաթիվ ձևերով և տարբեր մակարդակներում։ Դրա մեթոդներից մի քանիսը միաժամանակ թիրախավորում են հասարակության բոլոր շերտերին՝ սկսած ակտիվ ու ներգրավված քաղաքացիներից մինչև քաղաքական և հասարակական գործընթացների նկատմամբ անտարբեր մարդկանց։

Այս պատերազմի նպատակը միայն տեղեկատվություն տարածելը չէ։ Նպատակը հասարակության հոգեբանական վերաձևավորումն է, ազգային դիմադրողականության թուլացումը և մարդկանց սեփական պետությունից, պատմությունից ու ինքնությունից օտարելը։

Երբ հասարակությանը ստիպում են կասկածել սեփական արժեքներին, երբ նրա մեջ սերմանում են անվստահություն, պառակտում և հոգեբանական պարտվածություն, այդ հասարակությունը դառնում է առավել հեշտ կառավարելի և խոցելի։

Ուստի ճանաչողական պատերազմը միայն տեղեկատվական պայքար չէ։ Սա պայքար է հիշողության, ինքնության, արժեհամակարգի և ապագայի համար։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ժողովրդական շարժում հայրենասիրական ՀԿ-ի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031