«Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
-Պարոն Սարգսյան, իշխանությունը հրապարակեց նոր Սահմանադրության տեքստը։ Ինչպես և սպասվում էր, Սահմանադրության նախագծի նախաբանից հանվել է հղումն Անկախության հռչակագրին։ Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում այս փաստաթուղթը։
-Ես ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, թե առաջին հերթին ինքը ոնց բնութագրեց նոր Սահմանադրությունը։ Ինչքան ես եմ այդ մշակույթից հասկանում, Սահմանադրությունը դա քաղաքացիների համընդհանուր պայմանագիրն է իրենց իրավունքների և իրենց այդ իրավունքները պաշտպանող պետական կառավարման համակարգի մասին։ Բայց հետաքրքիր է, որ իր ելույթում Փաշինյանն ուրիշ ձևով ներկայացրեց այդ ամենը, ասաց, որ Սահմանադրությունը այդ նույն քաղաքացիների պայմանագիրն է երկրի արտաքին և ներքին քաղաքականության շուրջ։ Սրանք տարբեր բաներ են։
Այսինքն՝ այստեղից երևում է, որ փաստորեն հանրությանը հրավիրում է, որ վարվող արտաքին և ներքին քաղաքականությունն օրինականացնի։ Սա շատ-շատ կարևոր բան է։ Հանրությանը ասում է, որ Սահմանադրությունը դա ձեր համընդհանուր պայմանագիրն է երկրի արտաքին և ներքին քաղաքականության շուրջ։ Ստացվում է, որ ասում է՝ գնացեք վարվող քաղաքականությունը կամ հաստատեք, կամ ոչ։ Մի քիչ սպեկուլյատիվ բան տեսա այստեղ, բավականին մտածված բան է։
Կարդացեք նաև
-Այսինքն՝ վարվող քաղաքականության պատասխանատվությունը մարդկանց վրա գցելու փո՞րձ է սա։
-Ի վերջո երկրի վարվող արտաքին և ներքին քաղաքականությունը դա կուսակցական մակարդակի երևույթ է, այսինքն՝ կուսակցությունը ներկայացնում է իր կոնցեպտը և ժողովրդից ստանում է հավանություն ու իրականացնում։ Բայց եթե Սահմանադրության մեջ են ուզում պարտադրել արտաքին կամ ներքին քաղաքականությունը, ստացվում է, որ երկրում կարող է վարվել միայն ու միայն մեկ արտաքին և ներքին քաղաքականություն՝ միակ։ Չգիտեմ՝ շատերը սա հասկացել են, թե ոչ, գուցե սպասելի էր, բայց շատ ամբիցիոզ առաջարկ էր հանրությանը։ Մնացածը դա էական չէ, թե այնտեղ արդեն կոնկրետ ինչն է փոխում, ինչը չի փոխում, այս կոնցեպտն ու մոտեցումն է հետաքրքիր իմ կարծիքով։
-Քննարկման առանցքում Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելն է։ Մենք տեսնում ենք, որ սա Ադրբեջանի պահանջն է։ Հայ հանրությունն ի՞նչ դիրքորոշում պետք է արտահայտի այս հարցի շուրջ։
-Երբ հանրությանը ներկայացնում են այս ամենը, ասում են, որ կամ ընդունում ենք սա, կամ պատերազմ է, հիմա հանրությունը պետք է կամ հավատա դրան, կամ ոչ։ Եթե հավատում է, ամեն կերպ պետք է խուսափի պատերազմից, եթե չի հավատում, արդեն ինքն է որոշում՝ ոնց մոտենա այս ամենին։ Սա լավ դրվածք չէ, երբ ներկայացնում են այս մոտեցումը, ասում են՝ սրա այլընտրանքը պատերազմ է ու վերջ, ուրիշ բան չկա։ Արդեն տարիներ շարունակ տարբեր հարցերի շուրջ, տվյալ պահին Սահմանադրության հետ կապված հարցերի շուրջ էլ նույն մոտեցումն է։ Ժամանակն է մի քիչ լուրջ մոտենալ այս ամենին։
-Նոր Սահմանադրության ընդունումը կանխո՞ւմ է պատերազմը, ինչպես փորձում է ներկայացնել իշխանությունը։
-Նրանք էլ չեն ասում, որ պատերազմը կկանխվի, ես չեմ տեսել որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որ նման բան ասի։ Որևէ մեկը Սահմանադրության հետ կապված չի ասել, որ սա կարող է նպաստել «խաղաղության պայմանագրի» կնքմանը կամ եթե անգամ «խաղաղության պայմանագիր» կնքվի, որևէ մեկը երաշխիք չի տալիս, որ դա կայուն խաղաղություն կբերի։
-Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։
Պետք է սթափ ուղեղով մտածել, թե ինչ կատարվում է, այլ ոչ թե ինչ ներկայացնում են, ընդամենը կամ «այո» կամ «ոչ» ասել։ Ընդդիմությունը միավորվել է, բայց ես այդպես էլ չեմ կարող հասկանալ, թե որն է իրենց վեճի առարկան։ Եթե նրանք գտնում են, որ այս ճանապարհը չի տանում խաղաղության, պետք է ասեն, որ այս ճանապարհը չի տանում խաղաղության, այլ տանում է, օրինակ, պատերազմի։ Իսկ ես դա չեմ լսում, չգիտեմ՝ ինչեր են խոսում։ Բանավեճը սև-սպիտակի մեջ է՝ դուք ասել եք՝ այո, մենք ասում ենք՝ ոչ, դուք ասել եք՝ ոչ, ես ասում եմ՝ այո։ Իսկ բովանդակային քննարկում չկա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































