Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը՝ երեւանցիներին. «Մենք պարտավոր ենք կանգնեցնել Փաշինյան-Ալիեւ տանդեմին։ Իրենք այնքան են ինտեգրվել իրար մեջ, որ չենք կարող տարբերել՝ Ալիե՞ւն է այսօր ղեկավարում Հայաստանը, թե՞ Փաշինյանը»

Հունիս 01,2026 10:19 Share

«Մենք պարտավոր ենք հաղթել, որովհետեւ մենք մեր ազգի ամենակարեւոր հարցն ենք լուծում, պարտավոր ենք կանգնեցնել Փաշինյան-Ալիեւ տանդեմին, որովհետեւ այս ժամանակահատվածում իրենք այնքան են ինտեգրվել իրար մեջ, որ հիմա նույնիսկ չենք կարող տարբերել՝ Ալիե՞ւն է այսօր ղեկավարում Հայաստանը, թե՞ Փաշինյանը»,-իր տանը երեւանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Ամեն ինչ թելադրվում է Ադրբեջանից։ Ինչ իրենք արթնացան՝ հայտարարեցին, այս իշխանությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի չնեղացնի իր շեֆին։ Դա մեզ դուր չի գալիս։ Վստահ եմ՝ առաջին հերթին երեւանցիներին դուր չի գալիս։ Երեւանցիները կարող են լավ բնութագրել այս իշխանությանը։ Ութ տարի լինելով իշխանության, գոնե կարո՞ղ են ցույց տալ մեկ բան. մեկ կարեւոր որեւէ օբյեկտ, որ կառուցվել է Երեւանում իրենց ժամանակ։ Ոչ պետությունը, ոչ քաղաքապետարանը իրենց ահռելի բյուջեներով, ամեն տարի 1-1,5 միլիարդ պարտք վերցնելով չեն կարողանում լուծել Նուբարաշենի աղբանոցի հարցը։ Դուք հիշում եք՝ ամռանը քամիների ժամանակ ինչ հոտեր են տարածվում Երեւանում։ Եվ այս մարդիկ ութ տարի այս խնդիրն ունենալով՝ գոնե մեկ լուծում չառաջարկեցին։

Դուք կարող եք բոլոր երեւանցիներին վստահ ասել, որ մենք ամենաշատը երկու տարում լուծելու ենք այդ խնդիրը, որը երեւի ամենակարեւոր խնդիրն է երեւանցիների համար։ Նույնը՝ տրանսպորտի վիճակը։ Տեսնում եք ինչ է կատարվում։

Ոչ փողոցներ են սարքում, ոչ այգիներ։ Ես կարող եմ հիմա, ձեր առջեւ կանգնած՝ համարձակ ասել. որ գնում եք տուն, մի պահ հիշեք. մենք որպես մասնավոր մարդիկ, մասնավոր ձեռնարկություն, ինչե՞ր ենք արել Երեւանում, եւ ի՞նչ են արել իշխանությունները Երեւանում։ Ի՞նչն են երեւանցիներն այսօր սիրում։ Դալմա Գարդենն են սիրում, Հյուսիսային պողոտայի փողոցն են սիրում։ Փողոցը։ Ազնվորեն ասենք, շենքերը կառուցել է Քոչարյանը։ Բայց փողոցը, որ երեւանցիներն ավելի շատ են սիրում, մեր ներդրումներով է արվել։ Մալիբուի այգին, Ռիո մոլը, «Տաշիր» Արենան, «Տաշիր» առեւտրի կենտրոնը… Ես մի քանի բան թվեցի։ Հիմա թող իրենք ասեն մեկը։ Այսինքն, մենք որպես մասնավոր կառույց, ամենաքիչը տասն անգամ ավելի շատ բան ենք արել Երեւանի եւ երեւանցիների համար, քան ամբողջ պետական բյուջեն եւ ամբողջ քաղաքային բյուջեն։

Եվ դեռ անելու ենք։ Ես նույնիսկ չեմ ասում, որ մենք ավելի մեծ գումարներ ենք ներդրել, բայց դուք դա չեք տեսնում։ Մենք Երեւանի էլեկտրական ցանցերի արդիականացման վրա ծախսել ենք մոտավորապես $ 400 միլիոն։ Դուք պատկերացնո՞ւմ եք։ Իսկ իշխանությունը ութ տարվա մեջ Երեւանի վրա $ 100 մլն. չի ծախսել։

Ես ասացի մեր արածը, մեր թվերը։ Դե, թող Հայաստանի իշխանությունն ասի՝ ինչքան գումար է ներդրել Երեւանի զարգացման վրա։ Եվ եթե կասի թվերով, թող ցույց տա՝ ինչի վրա։ Այսինքն, այս մարդիկ երեւանցիների մասին բացարձակ չեն մտածել, չեն ստեղծել մի այգի, որ քաղաքն ինչ որ կերպ հովացնի եւ մարդիկ ման գալու հով տեղ ունենան։ Ոչ մի բան չեն արել։

Դրա համար մենք ձեզ հետ միասին Երեւանի համար անելու ենք ծրագիր։ Եթե Հայաստանում ապրում է 3 մլն. մարդ, ուրեմն, մենք տնկելու ենք 3 մլն. ծառ։ Լինելու են ժամանակակից այգիներ ոչ միայն զբոսնելու համար։ Նաեւ կոմերցիոն բնույթ են ունենալու, որ մարդիկ այդ այգիներում զբաղմունք էլ ունենան։ Մի քիչ փոքր չափերի Դուբայ ենք սարքելու։ Վստահ եղեք։ Մենք արդեն նախագծերն անում ենք, որ ամեն ինչ լինի Երեւանում։

Դուք լսել եք, գիտեք, որ մենք հայտարարել ենք մասնավոր ներդրումներով տուրիզմի զարգացման մեջ $ 1 միլիարդի ծրագիրը Հայաստանի համար։ Դրա 500 միլիոնը տրամադրում ենք Երեւանի զարգացմանը՝ նոր հյուրանոցներ, նոր, ժամանակակից այգիներ, որ Երեւանը դարձնենք շատ գրավիչ՝ մնալու համար։ Հիմա սրանք ամեն օր հայտարարում են, որ հասել են 2 մլն. 300 հազար տուրիստի, բայց այդ տուրիստներից ընդամենը 800 հազարն է, որ մնում է Երեւանում։ Մնացածը օդանավակայանից տրանզիտով թռչում են Թուրքիա, Դուբայ։ Սրանք դա գրում են իրենց վրա։ Բայց նույն ժամանակահատվածում Վրաստանը տուրիզմի մակարդակով հասավ 8 մլն.-ի»,-վստահեցրել է Սամվել Կարապետյանը երեւանցիներին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930