«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, չխախտելով բազմամյա ավանդույթը, արդեն 26-րդ անգամ իր հարկի տակ նշեց հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։
Տոնի խորհրդին համահունչ՝ Օրրանի բակը վերածվել էր գույների, երգի և պարի մեծ հարթակի՝ ստեղծելով իրապես տոնական մթնոլորտ։ Օրվա տրամադրությունն ապահովում էր նաև համեղ հյուրասիրությունը՝ ախորժելի համբուրգերները, որոնք, ինչպես ամեն տարի, այս տարի ևս սիրով պատրաստել էին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի աշխատակիցները։ Տոնին միացել էին «Օրրանի» երկարամյա բարեկամները, աջակիցները և հանրային ճանաչում ունեցող դեմքեր, որոնք օգնում էին պատրաստել և հյուրասիրել օրվա համեղ ուտեստները։
Կարդացեք նաև
«Օրրանի» համահիմնադիր տիկին Արմինե Հովհաննիսյանն իր բարեմաղթանքները հղեց ոչ միայն Օրրանի սաներին, այլ Հայաստանի բոլոր մանուկներին․ «Ցանկանում եմ, որ երեխաները մեծանան մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր երեխա քնում է կուշտ, արթնանում՝ ապահով, շրջապատված է սիրով և հոգատարությամբ և ունի երազելու ու իր երազանքներին հասնելու հնարավորություն։ Թող նրանց ծիծաղը միշտ ավելի բարձր հնչի, նրանց հետաքրքրասիրությունը հաղթահարի բոլոր խոչընդոտները, իսկ նրանց բարությունն օգնի կերտել ավելի լավ ապագա»։
«Օրրանի» մանկական երգչախմբի սաներն իրենց գեղեցիկ երգ ու պարով լրացրին տոնական տրամադրությունը։ Երեխաներին հյուր էին եկել նաև մուլտֆիլմերի սիրելի հերոսներ, խաղավարներ և ծաղրածուներ՝ ստեղծելով ուրախ և անկաշկանդ միջավայր։
Ողջ օրվա ընթացքում «Օրրան» էին այցելում Հայաստանից և արտասահմանից ժամանած բազմաթիվ հյուրեր՝ շնորհավորելով երեխաներին և դառնալով միջոցառման ակտիվ մասնակիցներ։ Հունիսմեկյան տրամադրությունը լրացնում էին նաև գործընկեր կազմակերպությունները՝ «Թամարա» ընկերությունն իր անուշահամ պաղպաղակներով և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ» ընկերությունն իր զովացուցիչ ըմպելիքներով, որոնց հյուրասիրությունն ամբողջացրեց երեխաների տոնը։
Օրն ամփոփվեց այն համոզմամբ, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց համար ստեղծված ջերմ և ապահով միջավայրը համատեղ պատասխանատվություն են, որը հնարավոր է միայն շարունակական ուշադրության, հոգատարության և նվիրումի շնորհիվ։






















































