Ապրիլի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգը մի փոքր տարբերվում էր այդ դահլիճում անցկացվող մյուս համերգներից: Այս անգամ արտիստները «Օրրանի» տարեցներն ու «Օրրանի» մանկական երգչախմբի անդամներն էին: Շատ խորհրդանշական էր նաև համերգի խորագիրը՝ «Երիտասարդ ձայներ, իմաստուն սրտեր»:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ տարեցների երգչախումբը հիմնադրվել է 2012թ., սակայն կորոնավիրուսի շրջանում դադարել է գործել: «Անցյալ տարի, երբ տոնում էինք «Օրրանի» 25-ամյակը, Աիդա տատիկը խնդրեց, որ նորից սկսենք, և ես ու Րաֆֆին մեր խոստումը պահեցինք, որովհետև ունենք Ձեզ պես հովանավորներ ու ընկերներ»,-ասաց տիկին Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ երգչախումբը շատ լավ է պատրաստվել երեկոյի համար, որպեսզի փայլուն համերգ լինի:
«Օրրանը» առաքելություն է, որ սկսվել է 26 տարի առաջ, ես համոզված եմ, որ այն կշարունակի իր գործունեությունը ևս 26 տարի և ավելին»,-ասաց «Օրրանի» բարեկամներից «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը նաև խոստացավ մշտապես «Օրրանի» կողքին լինել և աջակցել նրա կարևոր առաքելության ճանապարհին:
Կարդացեք նաև
Երեկոն վարող հեռուստալրագրող և պրոդյուսեր Արտակ Վարդանյանն ասաց, որ «Օրրանն» ասոցացվում է բոլորիս մանկական հիշողությունների հետ, ինչ վերաբերում է ելույթ ունեցող տարեցներին, շեշտեց, որ համամիտ չէ «տարեց» ձևակերպման հետ, որովհետև նրանք կորցրել են ժամանակի զգացողությունը:
Երգչախմբի ղեկավար Սիլվա Կարապետյանն էլ հետևյալը նշեց. «Մենք և «Օրրանը» այս գեղեցիկ մարդկանց ժպտալու և ձեզ ուրախացնելու հնարավորություն ենք ստեղծել»: Երաժշտության ուսուցիչ Լուսինե Հակոբյանը ևս անդրադարձավ այն ջանքին, որ թափել էին երեկոն հետաքրքիր դարձնելու համար:
Նշենք, որ ավելի քան քառորդ դար Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունը սիրով ու նվիրումով օգնության ձեռք է մեկնում սոցիալապես անապահով և խոցելի խմբերին՝ նրանց կյանքում վառելով հույսի նոր շող և հավատ ներշնչելով վաղվա օրվա հանդեպ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































