Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը սրբագրել է Միքայել Սրբազանի մեղադրանքը՝ նոր երանգավորում տալով դրան»․ Ռոման Ահարոնյան

Հունիս 03,2026 19:07 Share

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ նրա պաշտպաններից Ռոման Ահարոնյանը հայտարարեց, որ, ըստ էության, մեղադրանքն անորոշ է․ դատարանը սրբագրել է մեղադրանքը, հաստատել է նոր մեղադրանք, նոր փաստեր, նոր երանգավորում տվել մեղադրանքին։ Դատարանը բացառել է Միքայել Սրբազանի կողմից սահմանադրական կարգի տապալումը։

«Միքայել Սրբազանին դատապարտեց մի մեղադրանքով, որը նրան առաջադրված չի եղել, դատաքննության ընթացքում քննված չի եղել»,- ասաց փաստաբանը։

Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց մեղադրանքի կառուցվածքին․ մեկ արարք՝ երկու նպատակով կառուցվածքով էր այն․ իշխանություն զավթելու կոչ՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու միջոցով, բայց, ըստ փաստաբանի, հանցակազմի իմաստով սրանք տարբեր գործողություններ են։

«Մենակ կառուցվածքը հուշում է արդեն, որ մեղադրանքը չի համապատասխանում մեղադրանքի ներպետական, միջազգային ընդունված պահանջներին, քանի որ այդ պահանջները հուշում են՝ մեղադրանքը հնարավորինս դետալային, հստակ պիտի նկարագրվի, առարկայական լինի։

Երկու տարբերակով մեղադրելու հանգամանքն արդեն իսկ ցույց է տալիս, որ դատախազությունն ինքն է կասկածի տակ դրել սուբյեկտիվ կողմը, քանի որ չի կարողացել կողմնորոշվել մեղադրյալի միակ իրական նպատակի հարցում։

Սա նշանակում է, որ հանցակազմի պարտադիր հատկանիշը՝ սուբյեկտիվ կողմի էական տարրը, ի սկզբանե չի ունեցել ապացուցվածության անհրաժեշտ շեմը, խորությունը։ Դատարանը, իր ակտում բացառելով սահմանադրական կարգի տապալումը և հաստատված համարելով միայն իշխանության զավթումը, ոչ թե իրականացրել է արդար դատաքննություն, այլ ընտրել է դատախազության կողմից տրամադրված այլընտրանքային տարբերակներից մեկը։ Այսպիսի մեղադրանք, այսպիսի անորոշություն չի կարելի, սա խաթարում է արդարադատության բուն էությունը։

Այլապես կարելի է հախուռն բերել, լցնել և թողնել դատարանին, կոպիտ ասած, ասել՝ էսքանի միջից մի բան գտի, մի բանի մեջ մեղավոր ճանաչի, սա տեղի ունեցավ մեր դեպքում՝ առանց չափազանցության»,- ասաց Ռոման Ահարոնյանը։

Դատարանը, մեղադրանքը ձևափոխելով, ոչ միայն հանել է սահմանադրական կարգի տապալելը, այլ նաև Միքայել Սրբազանի՝ news.am-ին տված 2025 թվականի հարցազրույցը։

«Դատարանը փորձեց փրկել իրավիճակը և, իսկապես անխոցելի փաստարկները շրջանցելով, թե այո, առաջին հայացքից այստեղ կարծես թե կոչ չկա, ինքը ստեղծեց փաստեր, ինքը կոչը դիտարկեց թաքնված ուղերձի տեսքով։ Դատարանը մեղավոր ճանաչեց սրբազանին՝ թաքնված կոչի մեջ»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ դատախազը պիտի մեկնաբաներ ու նշեր, որ այստեղ ուղիղ կոչ արված չէր, այլ խոսք է, որն ունի ուղերձ, սակայն դատախազները դա չեն արել, դատախազներն ուրիշ մեղադրանք են պաշտպանել։

Իսկ այսքանից հետո, ըստ փաստաբանի, դատարանը նման վարքագծով ցույց է տվել՝ ինչպես վարվել։

Ըստ Ռոման Ահարոնյանի՝ նույնիսկ այս գործողության մեջ է դատարանը թերացել ու թույլ տվել խախտումներ։ Դատարանը փոխել է մեղադրանքի փաստական հիմքը։

Փաստաբանի ասելով՝ սա նշանակում է, որ մեղադրյալը պաշտպանվել է անորոշ մեղադրանքից, սա նշանակում է՝ դատարանը ստանձնել է մեղադրողի գործառույթ և կաշկանդված է մեղադրանքի փաստական հիմքով։

Փաստաբանը նաև նշեց, որ դատարանն անտեսել է լեզվաբանական մոտեցումն ու ինքն է ստանձնել փորձագետի դերը․ դատարանը որոշել է, որ փորձագետներն անելիքներ չունեն, ինքն է փորձել անխոչընդոտ հիմնավորել կոչի առկայությունը, սակայն այստեղ ևս դատարանը ձախողել է։

Ըստ փաստաբանի՝ հենց հատուկ գիտելիքներ կրող փորձագետը պիտի բացատրեր, թե ինչպես է թաքնված կոչը դրսևորվել։

Ռոման Ահարոնյանն ասաց՝ լեզվաբանական գիտելիքներն այնքան կարևոր են այստեղ՝ իրավական ճիշտ գնահատականի հանգելու համար։

Դատարանը պիտի նշանակեր դատալեզվաբանական փորձաքննություն, ոչ թե հանդես գար որպես փորձագետ։

Ըստ փաստաբանի՝ դատարանը թեև հանել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը, սակայն կրկին անորոշ է թողել, չի բացահայտել, թե որն էր Միքայել Սրբազանի ուղերձի հանցավոր լինելը։

Դատարանը մի նոր անորոշ մեղադրանք է ստեղծել։

Կոչի չափորոշիչները, ըստ նրա, պետք է լինեն հստակ և ողջամտորեն իրականանալի, լսողը պիտի լսի ու հասկանա, թե իրենից ինչ է պահանջվում։ Փաստաբանը մեջբերեց օրինակներ, ասենք՝ ճանապարհ փակելու կոչը, բռնության կոչը, ըստ նրա, սրանք հասկանալի են, իսկ Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքի դեպքում անհասկանալի է։

Միքայել Սրբազանին վերագրվող կոչը չի համընկնում չափորոշիչներին։

Ռոման Ահարոնյանի բնութագրմամբ՝ դատարանը կարծես ցույց տար, որ մեղադրող կողմը լավ չի գրել մեղադրանքը, օրինակ է ցույց տալիս, թե ինչպես կարելի էր դա անել։

Փաստաբանները միջնորդեցին փոխել խափանման միջոց տնային կալանքը։ Նրանք նշեցին, որ արդեն մեկ տարի է՝ Միքայել Սրբազանը ազատազրկված է, երկու տարի պատիժ է նախատեսված, որի կեսն արդեն անցել է, երկրորդ՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ պետք է անել այն։ Ըստ նրանց, եթե դատարանը չբավարարի այն, գոնե պիտի սահմանափակումները հանվեն։

Դատախազը կարծիք հայտնեց, որ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ենթակա չէ բավարարման, իսկ սահմանափակումները վերացնելու հետ կապված չուներ առարկություն՝ այն թողեց դատարանի հայեցողությանը։

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել ու դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով։

Դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930