Լրահոս
Օրվա լրահոսը

Արմատներն են մեզ սնուցողը

Հոկտեմբեր 20,2026 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մի անգամ կեռասի մի ծառ ամռան ամենածաղկուն շրջանում, երբ արդեն բերք էր տալիս, մեր աչքի առաջ չորացավ։ Փորձեցինք հասկանալ, թե որն էր պատճառը։ Երբ փորեցինք հողը՝ արմատները տեսնելու և պատճառն ուսումնասիրելու համար, նկատեցինք, որ արմատները շատ հզոր էին, բայց որդերի մի հսկա բազմություն արմատից կտրել էր ծառի բունը»․ Ռուբեն եպս․ Զարգարյան

 

Երիտասարդների հետ խոսելով հայրենիքի և հայ ազգային ու քրիստոնեական արմատների մասին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն եպս․ Զարգարյանը նաև նշեց․ «Այդ որդերը մեր կյանքում կարող են լինել զանազան կերպարանքներով՝ արտաքին թշնամուց մինչև ներքին թշնամի, հիշողության կորստից մինչև ազգային գիտակցության թմրեցում։ Միայն այսպես է հնարավոր մեզ կտրել մեր արմատներից»։

Սեփական ինքնությանն ու ակունքներին հավատարիմ մնալը սկսվում է հայրենիքի ու եկեղեցու ճանաչողությունից, այդ սրբությունների հանդեպ սիրուց և այդ սերը շրջապատին փոխանցելու մղումից։ Հենց այս առաքելությանն է նվիրված Մասյացոտնի թեմի «Ջահակիրներ» երիտասարդական համախմբումը։

Հաղորդություն արմատներին

Համախմբման անդամներն օրերս ուխտավորաբար եղան Շիրակի թեմում։ Օրը սկսվեց Երերույքի տաճարում՝ Արևագալի ժամերգությամբ և Հանրապետական մաղթանքով։

Ախուրյան գետի ափին՝ ոչ մեծ բարձունքի վրա գտնվող հնամենի այս տաճարը հայոց ճարտարապետության ամենահանելուկային հուշարձաններից է, դարերի պատմությունը կրող խորհրդապահ մի վկա։ «Մեր արմատները շատ խորն են՝ Հայկ նահապետից մինչև քրիստոնեական ակունքներ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Տրդատ Մեծ։ Դրանք անսասան հիմքեր են։ Բայց արդյո՞ք մենք բավարար չափով ենք կապված մեր արմատներին»,- հնչում է Սրբազան Հոր հարցը։

Առաքելություն

Օրը շարունակվեց հոգևորականների հետ հանդիպում-զրույցով, մտախաղերով, ազգային երգ ու պարով, երիտասարդների առաջիկա ծրագրերի քննարկումով։ Երիտասարդներ, որոնք որպես «ջահակիրներ» կստանձնեն պատասխանատվություն՝ հավատի լույսը մյուսներին փոխանցելու և առաջնորդելու։

«Ինձ այստեղ բերել է հոգևոր կարիքն ու ցանկությունն Աստծուն և Աստծո մարդկանց մոտ գտնվելու։ Գուցե նաև «փախչելն» այն հասարակությունից, որը չի լսում Աստծո խոսքը, և ապա վերադառնալ նրանց մոտ և ներգրավել իրենց, թեկուզ և պարզ զրույցների միջոցով։ Ուզում եմ իրենց ճիշտ ուղղորդել և տանել դեպի լույսը, դեպի եկեղեցի։ Եկեղեցին երիտասարդներին կտա այն բացը, ինչը նկատում եմ իրենց մոտ՝ հոգևոր դաստիարակություն, հանդուրժողականություն, սեր… այն ամենն, ինչ մեզ տալիս է Աստված»,- ասում է «ջահակիր» Հասմիկը։

Ըստ Աստվածաշնչի՝ պատերազմների ժամանակ, քանի դեռ Մովսեսի ձեռքերը բարձրացված էին, հրեա ժողովուրդը հաղթում էր, իսկ երբ նրա ձեռքերը թուլանում էին, հակառակորդն էր առավելություն ունենում։ Ահարոնը՝ Մովսեսի զինակից ընկերը, աջակցում է վերջինիս՝ վեր պահելով նրա ձեռքերը մինչև պատերազմի հաղթական ավարտը։ «Հոգևորականների ձեռքերը բարձրացնողները միշտ եղել են երիտասարդները։ Մեր նպատակն է վեր հանել այսօրվա «ահարոններին»։ Յուրաքանչյուր ծխից ներգրավված ակտիվ երիտասարդները, զինվելով հոգևոր գիտելիքներով, իրենց համայնքներում կձևավորեն կորիզ՝ համախմբելով իրենց տարեկից, հավատքով զինավառ երիտասարդների՝ իրենց քահանայի կողքին լինելու և նպաստելու եկեղեցու առաքելությանը»,- նշում է Մասյացոտնի թեմի երիտասարդաց միությունների պատասխանատու հոգևոր հովիվ Տեր Ղազար քհն․ Թորոսյանը։

Հարազատության ու սիրո միջավայր

«Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ» (Գործք 2:42)․ վկայակոչելով աստվածաշնչյան հատվածը՝ Ռուբեն Սրբազանն ընդգծում է․ «Սա եկեղեցու իդեալական մոդելն է, որն ընդգրկում է երեք կարևոր տարրեր՝ վարդապետություն, ծիսական-աղոթական կյանք (որտեղից զորություն ենք առնում՝ հաղթահարելու մեր տագնապներն ու վախերը) և հովվության գործնական կյանք»։

Քահանայի կոչումը ծեսերի, խորհուրդների կատարումն ու Աստծո խոսքի քարոզն է, իսկ իրենց տրված, օրինակ՝ ձայնային շնորհներով ծիսական մասն ավելի հարստացնելն ու գեղեցկացնելը, հոգևորականի խոսքը տարածելը՝ համայնքի, առավելապես երիտասարդների առաքելությունը։ «Այս դեպքում քահանայի ծառայությունը շատ ավելի արդյունավոր է։ Ձեզնից յուրաքանչյուրն ինքնատիպ անհատականություն է, բայց երբ միավորվում եք, և ձեր շնորհները լրացնում են միմյանց, արդյունքը բազմապատիկ է լինում»։

«Ինձ համար ջահակիր լինելը պարզապես մի խմբի անդամ լինել չէ, այլ ծառայություն է՝ իմ ժամանակով, սիրով և օրինակով օգտակար լինելու։ Իմ դերը պատկերացնում եմ որպես մի փոքրիկ լույս, «ջահ», որը կարող է մեկ ուրիշի ճանապարհը լուսավորել։ Ուզում եմ երիտասարդների կողքին լինել, լսել նրանց, ընկերանալ և իմ օրինակով ցույց տալ, որ եկեղեցում յուրաքանչյուր երիտասարդի համար կա իր տեղը, ուր նա կարող է իրեն մեծ հոգևոր ընտանիքի մասնիկ զգալ, ազատ արտահայտվել, գտնել ընկերներ, ստանալ հոգևոր աջակցություն։ Կցանկանայի, որ նրանք ոչ միայն ավելի մոտենան եկեղեցուն, այլ ամենակարևորը՝ ճանաչեն Աստծուն և զգան Նրա ներկայությունն ու սերը»,- ասում է «ջահակիր» Հռիփսիմեն։

«Թող երիտասարդները մեկ անգամ մասնակցեն Սուրբ Պատարագի և կհասկանան, թե ինչո՞ւ չէին գտնում այն խաղաղությունը, որը կորցրել էին… Մեր երիտասարդությունն ունի իրական շփման կարիք, որտեղ կբացակայեն, կամ գոնե ճիշտ կօգտագործվեն տեխնոլոգիաները, որտեղ կգերակշռի հոգևոր խորհուրդն ու կյանքի այն ուղին, որոնց մասին իրենք դեռ պատկերացում չունեն… Կարծում եմ՝ մենք ուրիշ ոչ մի տեղ չենք գտնի այն ամենն, ինչ մեզ պետք է, եթե ոչ եկեղեցում. թող յուրաքանչյուրս մեր մեջ մտածենք և գտնենք մեզ անհրաժեշտը»,- նշում է Հասմիկը:

Երիտասարդների խոսքով՝ իրենց տարեկիցներն առաջին հերթին ունեն սիրո, ընդունված լինելու, հոգևոր առաջնորդության և Աստծո հետ կենդանի հարաբերություն կառուցելու կարիք, որը նաև կօգնի հասկանալ իրենց կոչումն ու առաքելությունը։ «Այս արագ փոփոխվող աշխարհում, որտեղ մենք՝ երիտասարդներս, հաճախ կանգնում ենք բազմաթիվ ընտրությունների, գայթակղությունների ու անորոշությունների առաջ, մեզ անհրաժեշտ է մի ամուր հիմք, որի վրա կարող ենք կառուցել կյանքը։ Եվ այդ հիմքը, իմ համոզմամբ, Աստծո Խոսքն ու հավատքն են։ Ինձ համար երիտասարդական ծառայության ամենագեղեցիկ նպատակը հենց սա է՝ ձևավորել մի սերունդ, որը կսիրի Աստծուն, կարժևորի Իր եկեղեցին, կծառայի սիրով և իր կյանքով կվկայի այն լույսի մասին, որը ստացել է Քրիստոսից»,- ասում է Հռիփսիմեն։

Պատասխանատվություն՝ Աստծո և գալիք սերունդների առջև

Օրը եզրափակվեց Գյումրիում՝ Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպմամբ և աղոթքով։

Անդրադառնալով հայրենիքին և նվիրական արժեքներին՝ Միքայել Սրբազանը նկատում է․ «Եթե սրբություն չունի ազգը, կենդանի լինել չի կարող։ Սրբություն, առանց որի շնչել հնարավոր չէ։ Ինչպես սիրահարված երիտասարդի օդը չի հերիքում առանց սիրած էակի, այնպես էլ մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից։ Բայց ապրում ենք, որովհետև այդ սիրահարվածությունը չունեիք և չունենք։ Աստված տա՝ գա մի օր, որ էս մնացորդից ծնվի մի սերունդ, որ ունենա այդ սիրահարվածությունը իր արժեքների նկատմամբ և չկարողանա ապրել առանց դրանց»։

«Հայրենիքը մեծագույն կապ ունի հիշողության և ժառանգության հետ։ Ամենակարևորը՝ մենք չկտրվենք մեր արմատներից, մեր հիշողությունից, մեր պատմությունից և մեր ժառանգությունից, որն իր ամբողջության մեջ խոսում է և աղաղակում Աստծո ու հայրենիքի մասին։ Եվ մենք կոչված ենք մեր պետությունը, մեր երկիրը, մեր հայրենիքը դրախտի վերածելու, և դրա բոլոր հնարավորությունները մենք ունենք։ Աստված թող մեզ ուժ ու կարողություն տա, որպեսզի նայենք ապագային՝ գործելով հենց այս պահից սկսած»,- եզրափակում է Ռուբեն Սրբազանը։

 

Մարիամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031