Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ Բագրատ Սրբազանին սեփականության իրավունքով պատկանող հողերի նկատմամբ իրավունքը դադարեցնելու պահանջի մասին այսօրվա դատական նիստի ավարտին պաշտպանական կողմից մեզ բառացի փոխանցել էին, որ դատախազությունը հաշտության առաջարկություն է անում Սրբազանին, ինչի մասին մենք հրապարակում էինք արել։
Ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց Սրբազանի պաշտպաններից Տաթևիկ Սողոյանը և մի քանի ճշգրտում արեց ձևակերպումների մեջ. «Այսօր տեղի է ունեցել դատախազության հայցադիմումի հիման վրա նոր քաղաքացիական գործի առաջին դատական նիստը, որի ժամանակ հայցվորը ներկայացրել է իր հայցադիմումը, իսկ պատասխանողը ներկայացրել է իր առարկությունը։
Առարկությունը հայցադիմումի գրավոր պատասխանի միջոցով նախկինում էլ էինք ներկայացրել, որով մենք ամբողջությամբ առարկում ենք հայցի դեմ, քանի որ, ըստ էության, դա նույն առարկայի վերաբերյալ վեճն է, որը արդեն իսկ մեկ անգամ այլ հակակոռուպցիոն գործի շրջանակներում քննվել է, և դատախազության հայցը մերժվել է։ Այդ մերժումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան։
Ու նույն դատախազը, որը այս հայցը հիմա բերել է ուրիշ փաթեթավորմամբ՝ այլ քաղաքացիական գործի շրջանակներում, ուղղակի չի սպասել վերաքննիչ ատյանի համապատասխան որոշմանը։ Եվ այս հիմքերի հիմնավորումների շրջանակներում, այսինքն՝ որ սա, ըստ էության, նոր հայցի վերակենդանացման փորձն է և առհասարակ իրավական հիմքեր չունի, ներկայացրել ենք մեր առաջարկը։
Կարդացեք նաև
Բայց հաշվի առնելով պնդումները, ինչը որ դատախազությանն ասել ենք, էլի չհերքելով մեր հիմնական պահանջը, ասել ենք, որ եթե պետության համար՝ ի դեմս դատախազության, այդքան կարևոր է Բագրատ Սրբազանին սեփականության իրավունքով պատկանող այդ հողերը վերադարձնել պետությանը, ապա պատրաստ ենք քննարկել համաչափ փոխհատուցման ճանապարհով հաշտության հեռանկարը, որի մասին նաև մեր ներկայացուցիչն այսօր հայտնել է դատարանում։
Եվ այդ առաջարկությունը հետագա քննարկումների պատճառաբանությամբ, այսինքն՝ որպեսզի դատախազությունը ևս հնարավորություն ունենա հասկանալու՝ կա՞ արդյոք այստեղ հաշտության, փոխհատուցման հեռանկար, թե՞ չէ, այդ հիմնավորմամբ այսօր դատական նիստը հետաձգվել է։
Եթե վերաձևակերպենք, այդ առաջարկը, որ դատախազությունում կարող են դիտարկել մեզ որոշակի հաշտության պայմաններ առաջարկելը, տրվել է մեր կողմից»,- ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































