Ադրբեջանն ու Եվրամիությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել ռազմավարական համագործակցության շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է երկրում ԵՄ պատվիրակությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Բաքվում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել գործընկերության 30-ամյակի կապակցությամբ:
Բանակցողները նախնական համաձայնության են եկել «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստի վերաբերյալ և պաշտոնապես վերսկսել են բանակցությունները նոր երկկողմ համաձայնագրի (ռազմավարական գործընկերության վերաբերյալ) շուրջ: Մեր ուշադրության կենտրոնում է երկխոսության ամրապնդումը, կապերի զարգացումը և տնտեսական համագործակցությունը»,- հայտնել է դիվանագիտական առաքելությունը։
2016 թվականի նոյեմբերի 14-ին ԵՄ խորհուրդը հաստատել էր Եվրահանձնաժողովի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի մանդատը Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինելու 1996 թվականի Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:
Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2017 թվականի փետրվարի 7-ին։ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ներառում է չորս բաղադրիչ: Առևտրատնտեսական հարցերի հետ կապված որոշ հարցեր մնում են չլուծված: Բաքուն նախկինում հայտարարել էր, որ փաստաթղթի տեքստի 90%-ը համաձայնեցված է: Այս համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններ չեն վարվել մի քանի տարի շարունակ:
Կարդացեք նաև


















































