«Ուղիղ օդանավակայանում ոչ ոքի չեն կարող ծանուցագիր տալ, ֆունկցիաներ կան, որ իրականացվում են՝ ըստ անհրաժեշտության: Կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում՝ հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ռազմարդյունաբերական ցուցահանդեսից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն այսպիսի պարզաբանում տվեց ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց 25-օրյա վարժական հավաքների ուղարկելու և նրանց օդանավակայանում ծանուցագրեր հանձնելու մասին։
Նա նշեց՝ այն տեղեկությունները, թե օդանավակայանում ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր, իրականությանը չեն համապատասխանում։ Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ ՌԴ-ից եկածներին կարող են 25-օրյա վարժանքների ծանուցագրեր ուղարկել,Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Ինչպե՞ս կարող եմ բացառել։ Այսինքն՝ ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին, որը զինապարտ է, ՀՀ-ի առաջ պարտականություն չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել»։
Հստակեցմանը՝ միայն ՌԴ-ից եկո՞ղ անձանց մասին է խոսքը, թե՞ նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Սուրեն Պապիկյանն այսպես արձագանքեց․ «Ֆրանսիայից էլ, ԱՄՆ-ից էլ․ չեմ ասում՝ բոլորին ուղարկում են»։
ՔՊ-ականներն ինչո՞ւ են ծեծում մյուս քաղաքական ուժերի համակիրներին, Սուրեն Պապիկյանը հարցն անպատասխան թողեց։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































