Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չներեցին ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու համար»․ Արթիկում ծեծված քաղաքացին նոր մանրամասներ է պատմում

Հունիս 03,2026 23:53 Share

Ինչպես տեղեկացրել ենք, Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի համակիր Հակոբ Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը)։

Հակոբ Հարությունյանը հենց նոր Aravot.am-ին փոխանցեց, որ 5-6 ժամ քննչականում է եղել, իրեն հարցաքննել են, այնուհետև զննել իր մեքենան, որտեղ իրեն ծեծի ենթարկելուց հետո արյան հետքեր են եղել։

Նա նաև ասաց, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, քանի որ իր դեմքը վնասվել է, կարեր են դրել աչքի հատվածում։

Հակոբ Հարությունյանը սա համարում է քաղաքական բնույթի հարձակում իր վրա, որը պլանավորված էր ՔՊ-ականների կողմից։

Ըստ նրա՝ ՔՊ-ականները չեն մարսել այն, որ ինքը մարտ ամսին Արթիկ եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել է՝ ի պաշտպանություն եկեղեցու ու Վեհափառի։

«Վարչապետը երևի ջղայնացել է, թե՝ ի՞նչ ձևի եք կազմակերպել իմ այցը Արթիկ, երբ մարդիկ ինձ ընդդիմանում են, դա էլ ուղիղ եթեր է հեռարձակվում։

ՔՊ-ականներն այդ պատճառով էլ ինձ չներեցին, բայց ես վարչապետի հետ բանավիճել եմ կոռեկտության սահմաններում, ես երբեք էթիկան չեմ անցնում, հարգանքով, շնորհքով մարդ եմ, բոլորը կարող են փաստել։

Ուղղակի զարմանալի էր, որ հարձակվողը իմ հարևանի որդին էր, կողքի շենքի հարևանի, որոնց հետ ես բարիդրացիական, լավ հարաբերությունների մեջ եմ եղել։

Ես Արթիկի կենտրոնական հրապարակում էի՝ իմ մեքենայի մեջ, այնտեղ է գտնվում մեր շտաբներից մեկը, ու ես անընդհատ լինում եմ այնտեղ։ Ո՞վ կմտածեր, թե մեքենայիս դուռը կբացի մի երիտասարդ ու կասի, թե՝ էդ ի՞նչ հայացքով ես նայում իմ ընտանիքի անդամներին։

Իմ համար զարմանալի էր դա, ասում եմ՝ ի՞նչ հայացքով, մենք նույն մայլի մարդիկ ենք, ես ո՞նց կարող եմ ձեր ընտանիքին վատ աչքով նայել։

Պատկերացնում եք՝ մեկը հայացքն ուղղի կնոջս, ես գնամ, ասեմ՝ մի անգամ էլ նայեցիր, դանակով կխփեմ քեզ, բա աչքերն ինչի՞ համար են։ Ես ի՞նչ եմ արել, հո նայելով՝ վիրավորանք չեմ հասցրել, մարդկային բնության մեջ նման օրենք կա, որ չնայե՞ս շուրջբոլորդ։

Մի տաս րոպե չանցած՝ այդ երիտասարդը նորից վերադարձավ՝ վիճաբանություն, հայհոյանք, ու միանգամից վրա տվեցին ՔՊ-ական բորենիները, այնպես անսպասելի, որ ես հասկացա՝ գնացին, պլան մշակեցին, եկան։

Սա ի՞նչ ձեռագիր է, կոնֆլիկտներ, թշնամանք են հրահրում հարևանների, բարեկամների մեջ։ Ոչինչ, բան չմնաց, Աստծո կամոք, սրանց պորտը տեղ ենք դնելու»,- ասաց Հակոբ Հարությունյանը։

Նա նաև ասաց, որ չգիտի, թե ով է ծեծկռտուքը նկարահանել այդ պահին, հետո է իմացել, որ համացանցում տեսանյութ է հայտնվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930