Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները տարբերում են ճշմարտությունը՝ ստից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից. հունիսի 7-ին կընտրեն այն ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. Արցախի ԱԺ նախագահ

Հունիս 05,2026 21:40 Share

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության 2026թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Արցախի բռնազավթումից և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո՝ հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում։ Այս ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։

Մտահոգիչ է, որ նախընտրական շրջանում առողջ մրցակցությունը և քաղաքական տեսակետների ու ծրագրերի ազատ ներկայացումը վերածվել են հասարակության պառակտման, ատելության քարոզի և վարչական ռեսուրսների կիրառման գործընթացի՝ ուղեկցվելով քաղաքական հետապնդումներով, ընտրովի արդարադատությամբ և ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով։ Այս ամենից զերծ չեն մնացել նաև արցախահայերը, որոնց նկատմամբ ատելության սերմանումն ու պառակտման նկրտումները շարունակվել և ավելի են սաստկացել։

Անընդունելի է ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ իրականացվող քաղաքականության քարոզչությունը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի նսեմացումն ու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերը։ Արցախի ժողովուրդը սեփական փորձով կրել է այս քաղաքականության ծանր հետևանքները։

Համոզված եմ, որ ինչպես այս ընտրություններին մասնակցող արցախահայությունը, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, կեղծիքից ու աճպարարությունից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, և հունիսի 7-ին կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը և Հայաստանի Հանրապետության համար ապահովել իրապես խաղաղ ու արժանապատիվ ապագա:

Այսուհետ ևս բոլոր հնարավոր օրինական միջոցներով հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու մեր բնօրրան վերադառնալու, մեր պետականության վերականգնման իղձերի իրականացմանը:

Պատրաստակամ ենք Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների հետ լիակատար համագործակցության՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության, մեր ողջ ժողովրդի բարգավաճման ու Հայաստանի Հանրապետության զորացման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930