Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո քննարկումները շարունակվում են, որոնք միտված են Արցախի ԱԺ լեգիտիմությունը պահպանելուն։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը (լուսանկարում)։
«Կարծում եմ՝ խորհրդակցությունների շրջանում ջրերը կպարզվեն, եւ դրական լուծում կլինի։ Քննարկումներ պետք է լինեն, պետք է փորձել լուծումներ ապահովել, բայց ճիշտ չէ հանրայնացնել այդ գործընթացները։ Մարդիկ խոսում են, քննարկում են, կա մտահոգություն, ցանկություն՝ ինչ-որ բան անելու։ Պետք է փորձել Արցախի պետական ինստիտուտները պահպանել, որովհետեւ տարածաշրջանում փոփոխություններ են կատարվում, հազար ու մի իրավիճակներ են ստեղծվում, եւ կարծում եմ՝ այդ լեգիտիմ մարմինը պետք է մնա, որ արցախահայության իրավունքներն ինչ-որ ձեւով ներկայացվեն»,- ասաց Բալայանը։
Նշենք, որ հուլիսի 2-ին Աշոտ Դանիելյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Ըստ Արցախի Սահմանադրության՝ Դանիելյանը նաեւ Արցախի նախագահի պարտականություններն էր կատարում, քանի որ Արցախի ԱԺ խմբակցությունները Արցախի նախագահի թեկնածու չէին առաջադրել 2025 թվականին։
Ենթադրվում է, որ նրա հրաժարականի պատճառը «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին առնչվող դրամական միջոցների վերաբերյալ վերջին շրջանի տեղեկություններն էին։ Աշոտ Դանիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են իրեն՝ որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, բացառապես պաշտոնական գործունեության ապահովման եւ դրանից բխող ծախսերի իրականացման նպատակով։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































