«Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ոչ մի քարոզչություն»,- ԿԸՀ նիստում դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին, հորդորեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 5-ին կայացած արտահերթ նիստում քննարկեց 2026թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններում գրանցված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումը չեղարկելու մասին։
Վահագն Հովակիմյանը ներկայացրեց դիմումը, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստան»-ը խախտումներ է արել։ Մասնավորապես, դաշինքն իրականացրել է ընտրողների գույքային շահագրգռվածությանն ուղղված գործողություններ։ Ըստ դիմումի՝ այս ամենը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից։ Բացի սրանից, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին հորիզոնականում գտնվող ու դե ֆակտո վարչապետի թեկնածուն չի համապատասխանում ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջներին քաղաքացիության հարցում։
Դիմումի այլ մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն իր խոսքում նշեց, որ մի բան է իրենց կողմից արձանագրված խախտումները գնահատելը, մեկ այլ բան՝ ԿԸՀ-ի գնահատելը։ Եգորյանը նաև միջնորդեց հակակոռուպցիոն կոմիտեից և այլ պատկան մարմիններից ստանալ հարուցված քրեական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն՝ արձանագրված խախտումների ծավալների մասին։
ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը, քանի որ դիմումին կից մանրամասն ներկայացված է տեղեկատվությունը։
Ի դեպ, հունիսի 4-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում գրանցված քաղաքական ուժերի առաջին հորիզոնականում գտնվող թեկնածուների բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առաջնորդներին կոչ արեց դիմել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը մերժելու համար։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի պատասխան նշեց, որ ինքը բանավոր դիմել է ԿԸՀ, որտեղից պատասխանել են, որ ԿԸՀ-ն նման լիազորություն չունի։ Նիկոլ Փաշինյանը հորդորեց դիմումը ներկայացնել գրավոր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































