Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով

Հունիս 05,2026 19:30 Share

«Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։ «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջում են անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գրանցելու ԿԸՀ որոշումը։

«Առաջին կետով գտնում ենք, որ կան բավարար հիմքեր՝ գրանցումը ԿԸՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչելու համար։ Երկրորդ կետով, եթե այնուամենայնիվ ԿԸՀ-ն գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա պահանջում ենք, որ ԿԸՀ-ն օգտվի Ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքից և նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»,- ասաց Առաքելյանը։

Նրա ձևակերպմամբ՝ «Արդեն որերորդ ամիսն է, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, հասարակական գործիչները բարձրաձայնում են բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա, փոխել ընտրությունների արդյունքները»։

Թե ինչ նկատի ունի, այս հարցին էլ Գրիգոր Առաքելյանն այսպես արձագանքեց. «Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին խոսույթ կա, արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով՝ Հայաստան տեղափոխելու մասին։ Մարդիկ այդ օրը մեքենաներով պարտադրված գալիս են որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու և հաջորդ օրը երկիրը լքելու միտումով։ Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բուն, բնականոն ընթացքը։ Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանություններն ունեցել են անելիք և չեն արել»։

Նա ասաց, որ, իր կարծիքով, ԿԸՀ-ն կհրավիրի արտահերթ նիստ, և ԿԸՀ-ի դիմումի քննության արդյունքի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի մինչև ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը։

Փաստաբան Տիգրան Եգոյանն էլ նշեց, որ հարցը պետք է լուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը՝ մինչև 24:00-ն։ «Այսօր կամ վաղը առավոտյան պետք է որոշում կայացնի ԿԸՀ-ն՝ հաշվի առնելով և ջանալով չզրկել մեզ դատարան դիմելու իրավունքից, պետք է առավել հրատապ քննի այս դիմումը»,- ասաց փաստաբանը։

Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի՝ այն բողոքարկել կամ չբողոքարկել։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930