Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկածներ ունեմ, որ պարտվելու դեպքում փորձելու են բախումներ անել․ մենք ամեն քվեն ատամներով պահելու ենք»․ Դավիթ Ղազինյան

Հունիս 07,2026 20:00 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ Դատախազությունը ԿԸՀ դիմումներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության մի շարք թեկնածուների նկատմամբ քրգործեր հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։

«Չեմ պատկերացնում ուղղակի աբսուրդի աստիճանը։ Դատարանի վճռի նմանվող այդ հաղորդագրությունները նորմալ չեն, իրավական համակարգի կազմաքանդում է դա կոչվում։ Եվ ամենակարեւորը՝ տվյալներ են տալիս, որոնք բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։ Համոզված եմ՝ նաեւ կալանքի միջնորդություն կլինի, ամեն ինչ պարզ է»,- ասաց նա։

Ղազինյանն ասաց, որ իր բնակարանը դատարանի որոշմամբ են խուզարկել, նշեց, որ «շնորհքով են ներխուժել»․ «Բայց այստեղ էլ եմ խախտում տեսնում, իմ կարծիքով՝ նախաքննական մարմինը խաբել է դատարանին, որովհետեւ իմ ունեցած ինֆորմացիայով՝ անգամ խուզարկության համար պետք է լիներ ԿԸՀ անձեռնմխելիության հաղթահարման որոշում։ Խուզարկությունից հետո ոչ մի բան չեն տարել մեր տանից, փնտրում էին կրիչներ, ինչ-որ ցուցակներ՝ ընտրակաշառքի վերաբերյալ»։

Անդրադառնալով իրավապահների հրապարակած ձայնագրությանը՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «Մարդիկ շատ դեպքերում փորձում են կայանալ՝ ինչ-որ անուններ տալով։ Նախ, այդ կինը, որը խոսում է՝ իմ ինֆորմացիայով այդտեղի մաքրուհին է։ Երեւի մի երեք-չորս անգամ եմ եղել այդ շտաբում, ձայնագրության մասին խոսեմ՝ իբրեւ թե ես բերել եմ, տվել եմ 1 մլն 400 հազար դրամ, ասել եմ՝ կաշառքի փող է։ Լավ է, չեն ասում, որ ասել եմ՝ հանկարծ ուրիշ բանի վրա չծախսեք, սա մաքուր կաշառքի փող է։ Մի քիչ աբսուրդ է, էլի։ Եթե գաղտնալսել են, ես էլ այդտեղ եղել եմ, ապա ինչո՞ւ իմ խոսացածը չեն հրապարակում։ Իմ խոսացածը եթե հրապարակեն, ոչ միայն իմ գործը կփլվի, այլ իրենց ասած չակերտավոր բոլոր ընտրակաշառքների գործերը։ Ընդհանրապես այս ժամանակահատվածում կոնկրետ մեր ուժի հետ կապված ընտրակաշառքի դեպք չի հայտնաբերվել, այսինքն՝ չի եղել մարդ, որ գա ասի՝ ինձ տվեցին իքս գումար, ասացին՝ կգնաս, ձայնդ կտաս»։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ու աջակիցների ձերբակալություններին՝ Ղազինյանն ասաց․ «Երկու խնդիր են լուծում՝ առաջինը կազմաքանդեն մեր նախընտրական շտաբները, երկրորդը, կողքիններին վախեցնեն»։ Նա նշեց, որ հենց Գյումրիում են այսօր իրավապահները գործողություններ անում, որովհետեւ «իրեն զեկուցվել է՝ Գյումրիում խայտառակ պարտություն ես կրելու»։

Դավիթ Ղազինյանը նաեւ ասաց, որ «Ուժեղ Հայաստան»-ից ոչ ոք կես քայլ հետ չի կանգնելու, իսկ դա իշխանության համար մեծ խնդիրն է։ «Մենք ամեն քվեն ատամներով պահելու ենք, գործելու ենք Սահմանադրության շրջանակներում։ Իրենք ինչ կանեն՝ համոզված չեմ։ Ես անգամ ունեմ կասկածներ, որ պարտվելու դեպքում փորձելու են բախումներ անել։ Մենք չենք անի դա, բայց պատրաստ ենք ամեն ինչի»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930