«Ամենամեծ խնդիրը, որը տեսնում էինք՝ ընտրակաշառքի դեպքերն էին, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեն էր բացահայտում, եւ դրանք Ռուսաստանի միջամտության գործողություններն էին: Ինչ վերաբերում է քվեարկության օրն արձանագրված հիմնական խնդիրներին, երեկվա մեր ժամը 7-ի ճեպազրույցից հետո նոր խնդիրներ են հայտնվել, բայց էապես պատկերը չի փոխվել: Մեր այցելած 844 տեղամասերում եղել են որոշակի խնդիրներ՝ մասնավորապես ընթացակարգային խախտման 156 դեպք, վերահսկմանն ուղղված գործողության 121 դեպք, գտնվելու իրավունքի կամ լիազորությունների խախտման 84 դեպք եւ քվեարկության գաղտնիության խախտման 122 դեպք»,- Մեդիա Կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Անկախ դիտորդի ներկայացուցիչ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա հավելեց, որ նկատել են նաեւ տեղամասում քարոզչության 59 դեպք՝ հիմնականում դրանք եղել են հագուստների վրա կուսակցությունների խորհրդանիշների կրման դեպքեր:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով, գտնվելու իրավունքի կամ լիազորությունների խախտման 84 դեպքերից շուրջ 66%-ը կապված են եղել վստահված անձանց վկայական չկրելու, չներկայանալու, յուրաքանչյուր կուսակցությունից 2 վստահված անձի նախատեսված չափը գերազանցելու հետ: Նա հավելեց, որ իրենց դիտորդները հնարավորություն են ունեցել պարզել, որ այդ դեպքերի 30%-ը կապված է եղել Ուժեղ Հայաստանի, 11%-ը՝ ՔՊ-ի, 9.5%-ը՝ Հայաստան դաշինքի վստահված անձանց հետ:
«ԱԺ հերթական ընտրությունները՝ 18 քաղաքական ուժերի մասնակցությամբ, անցել են խիստ բեւեռացված եւ մրցակցային պայմաններում, ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը բարձր է եղել, 2018 եւ 2021 թթ. արտահերթ ընտրությունների համեմատ քվեարկողների թիվն ակնհայտորեն մեծ է եղել։
Կարդացեք նաև
Առանցքային խնդիրը, որի շուրջ տեղի էր ունենում մրցապայքարը 2026-ին, եղել է աշխարհաքաղաքական ընտրության շուրջ: Առավելություն ստանալու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ պայքարի գործիքակազմը բավարար չէր: Մենք գտնում ենք, որ գործող իրավակարգավորումները բավարար չեն վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրը լուծելու համար»,- ընդգծեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից




















































