Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ բավարարել է ներկայացված երկու միջնորդություններն էլ՝ քրեական հետապնդում հարուցելու ու ազատության սահմանափակման վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ղազինյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:
«ԿԸՀ-ից որեւէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ: Այս կառույցը իրապես որեւէ իրավական հենք չի ուզում պահել, Դավիթ Ղազինյանի դեպքում երկու միջնորդություն էր ներկայացվել, երկուսն էլ բավարարվել են: Որեւէ տվյալ չի եղել: Նման միջնորդություն տեւական ժամանակ չէի հանդիպել: Այսինքն՝ մոտ 13 օր ազատության մեջ գտնվող անձը, ում նկատմամբ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները հանրային հասանելիություն ունեին հենց հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակման միջոցով, բայց հանձնաժողովը գտնում է, որ պետք է բավարարի ազատության սահմանափակման մասին որոշումը»,- ասաց Վարդեւանյանը:
Նա հստակեցրեց, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը: Ըստ Վարդեւանյանի՝ մեղադրանքի բովանդակությունը քաղաքական նպատակ ունի. «Բովանդակությունն էլ բացակայում է: Ես չեմ տեսել դեպք, երբ անձը քննչականի նախաձեռնությամբ գործի բոլոր հանգամանքներն իմանա»:
Կարդացեք նաև
Փաստաբանը հեգնեց, որ ԿԸՀ-ն իրավաբանության կործանման նոր նշաձող սահմանեց այսօրվա որոշմամբ. «Միջնորդությունը ներկայացվել էր հունիսի 6-ին, միջնորդության մեջ վկայակոչվում էր, որ հունիսի 7-ին ընտրություններ են լինելու շատ կարեւոր էր դա. շատ բարձր իրավաբանության նշաձող էր սահմանված, իրավաբանության կործանման նոր նշաձողեր է նվաճում ԿԸՀ-ն»:
Անդրադառնալով Աշոտ Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության քննությանը՝ Վարդեւանյանն ասաց՝ քննությունը հետաձգվեց, կշարունակվի երեկոյան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































