«Խոսել, որ շահույթ բաշխելով ՀԷՑ-ին որևէ վնաս կարող էր պատճառվել, ուղղակի աբսուրդ է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։
Նա փաստեց՝ չբաշխված շահույթը սեփականատիրոջ շահույթն է ու ասաց․ «Վերցրեց, թե չվերցրեց էդ փողը, ո՞ւմ վնաս պատճառվեց։ Սկզբից, երբ վարչական վարույթ էր հարուցվում, ներկայացվում էր, որ հանրությանը վնաս պատճառելու մասին է, ՀԷՑ համակարգը ռիսկի տանելու հնարավոր ռիսկի մասին է։ Վարչական վարույթում պարզվեց, որ Դավիթ Խուդաթյանի ներկայացրած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Հետո եկավ ՊԵԿ-ը, ասաց՝ եթե հանրությանը վնաս չի պատճառվել, գուցե պետությա՞նն է վնաս պատճառվել՝ հարկերը չվճարելով։ Ստուգումներ իրականացրեց, և գիտե՞ք ինչքան խախտում է արձանագրել․ 160 միլիոն դրամի խախտում՝ տարեկան 200-250 միլիարդ դրամ շրջանառություն ունեցող ընկերությունում։ Այս մասով անգամ Ռոմանոս Պետրոսյանն էլ է բողոքարկել։ Պետությանն էլ վնաս չի պատճառվել։ Եթե հանրությանը վնաս չի պատճառվել, պետությանը վնաս չի պատճառվել, լավ, էս ՀԷՑ-ն ո՞ւմ կարող էր վնաս պատճառել։ Մտածում են, ասում՝ ուրեմն ինքն իրեն է վնաս պատճառել։ Արդեն հասնում ենք աբսուրդի ժանրին»։
Համեմատելով 2024-ի և 2026-ի հուլիս-սեպտեմբեր եռամսյակներում ՀԷՑ-ի աշխատանքը՝ Վարդան Ալոյանն ասաց․ «Ցուցանիշներից մեկն այն է, թե ինչքան ժամանակ է տևել ամեն բնակչի՝ հոսանքազրկված լինելը, մյուսը այն, թե ինչ հաճախականությամբ են նվազեցումները տեղի ունեցել։ 2024-ի համեմատ, հոսանքի անջատումների՝ տևողության մասով 65 տոկոս աճ ունենք, հաճախականության մասով՝ 95 տոկոս։ Ամեն բաժանորդի մասով անջատումների հաճախականությունը 156 տոկոսով է աճել։ Համակարգն այս պահին գտնվում է խայտառակ վիճակում։ Սա նաև չկատարված ներդրումների մասին։ Մարդիկ գլուխ են գովում, թե վարկ են վճարել, բայց դա արել են ներդրումներ չկատարելու հաշվին»։
Կարդացեք նաև
Հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ՀԷՑ-ը վարկ է վերցրել, տարել, աշխարհի եսիմ որ տեղում գրավ են դրել, փաստաբանը ցույց տվեց փաստաթղթեր ու ասաց․ «Սրանք ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրելու մասին գործարքներին համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարության՝ 2020-2021-ի որոշումներն են։ Ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Ինքն է այդ թույլտվությունը տրամադրել, որ այս բաժնետոմսերը գրավ դնեն, հիմա, ասում են՝ բացահայտում են արել․ ՀԷՑ-ի՝ 100 տոկոս բաժնետոմսերը տարել, գրավ են դրել»։
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի և փաստաբան Վարդան Ալոյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































