«Այս ընտրությունները թե′ սկզբնական ժամանակահատվածում, թե′ նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե′ քվեարկության օրը, թե′ դրան հաջորդող ժամանակահատվածում իսկապես տարբերվող են։ Առանձնահատկությունն այն է, որ այս ողջ շղթայում միշտ հիմնարար ընտրախախտումներ են տեղի ունեցել՝ հավասարությունը և օրինականությունը խաթարող ընտրախախտումներ։ Սրանք ազատ միջավայրում տեղի չունեցած ընտրություններ են»,- ՍԴ-ում 7 քաղաքական ուժերի դիմումի քննության ժամանակ հայտարարեց ՍԴ-ում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա վստահեցրեց՝ այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը սահմանադրականության խնդիր ունի․ «Մենք մեր դիմումով հիմնավորել ենք, որ ԿԸՀ-ն էլ անկախության դեֆիցիտ է ունեցել»։
Արամ Վարդևանյանը, զուգահեռ անցկացնելով այն հանգամանքի հետ, որ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը ՍԴ նիստին անհամատեղելի է համարվել, քանի որ նա ունի կաշկանդվածություն, անդրադարձավ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին․ «ԿԸՀ անդամի՝ բացարկ ներկայացնելու մեխանիզմ չկա․ կամ ինքը չպետք է մասնակցի նիստին, կամ՝ վերջ։ Արդյոք ԿԸՀ նախագահը, ով համանման կարգավիճակում է եղել, ինչ պարոն Վարդանյանը, քանի որ Սահմանադրական դատարանը գտնում է, որ պարոն Վարդանյանի դեպքում օբյեկտիվ չափանիշների տեսանկյունից խնդիր կա և մասնակցության անհնարինություն է արձանագրել, իսկ պարոն Հովակիմյանի դեպքում այդ հնարավորությունը չենք ունեցել։ Ակնհայտ է, որ ԿԸՀ նախագահը, որ սույն գործով ներգրավված երրորդ անձի կուսակցության հիմնադիրներից է, չէր կարող լինել անաչառ և անկախ»։
Կարդացեք նաև
ՍԴ-ի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































