Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Mantashyants Global Business Forum 2026-ը

Հունիս 30,2026 18:10 Share

Հայաստանը մեկ շաբաթով դառնում է համաշխարհային հայկական բիզնեսի գլխավոր հանդիպման վայրը։ Այստեղ հավաքվում են ոչ միայն գործարարներ, այլև գաղափարներ, ապագայի նախագծեր, ներդրումային հնարավորություններ ու համագործակցության նոր ուղիներ։ Մի հարթակ, որտեղ հայկական կապիտալը խոսում է գլոբալ լեզվով։

Մեկնարկեց Mantashyants Global Business Forum 2026-ը՝ հայկական գործարար համայնքի ամենամասշտաբային միջազգային հարթակներից մեկը, որն այս տարի համախմբել է ավելի քան 1400 գործարարի՝ աշխարհի շուրջ 30 երկրներից։

Առաջին Global Business Forum-ն անցկացվել է դեռևս 2021 թվականին։ Այն ժամանակ ֆորումի աշխատանքներին մասնակցել են շուրջ հարյուր գործարարներ՝ հիմնականում Լոս Անջելեսից, Մոսկվայից և Երևանից։

Այսօր ֆորումը միավորում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամներին աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև նոր գործընկերների ու այն համայնքներին, որտեղ առաջիկայում նախատեսվում է բացել նոր մասնաճյուղեր։ Արդեն ձևավորվում են նոր ուղղություններ և նոր համագործակցություններ՝ օրինակ Կանադայից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ։

Ֆորումի գաղափարը մեկն է՝ ստեղծել տնտեսական այնպիսի հարթակ, որը կարող է դառնալ հայկական բիզնեսի գլոբալ հանդիպման կետը։ Հարթակ, որտեղ աշխարհի տարբեր հատվածներում գործող հայ գործարարները ոչ միայն ծանոթանում են, այլ սկսում են մտածել ավելի լայն, գործել ավելի հեռուն տեսնող տրամաբանությամբ և ստեղծել համատեղ արժեք։

«Հայկական բիզնեսն առանց սահմանների». հենց այս գաղափարի շուրջ էլ կառուցվել է Mantashyants Global Business Forum 2026-ը։

Ֆորումի պաշտոնական մեկնարկը տրվեց խորհրդանշական ու պատմական միջավայրում՝ Գառնիի պատմամշակութային համալիրում, որը մեկ երեկոյի ընթացքում դարձավ հայկական ժամանակակից գործարար մտքի յուրահատուկ բեմահարթակ։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, միջազգային գործընկերներ և աշխարհի տարբեր երկրներից ժամանած գործարարներ։

Ծրագիրը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, որին հաջորդեց պաշտոնական բացումն ու ողջույնի խոսքերը։

Երեկոյի առանցքային պահերից մեկը դարձավ հատուկ Գառնիի տաճարի համար ստեղծված բացառիկ պրոյեկցիոն ներկայացումը։ Տաճարի պատերին կենդանացավ հայկական առևտրի ու ձեռնարկատիրության պատմությունը՝ հայ վաճառականների ճանապարհներից մինչև Ալեքսանդր Մանթաշյանցի ժառանգություն և ժամանակակից գլոբալ հայկական բիզնես համայնքի ձևավորում։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև տարվա հատուկ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում արժևորվեցին «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամներն ու միջազգային մասնաճյուղերի ներկայացուցիչները՝ տարվա ընթացքում ունեցած ներդրման և համայնքի զարգացման գործում ակտիվ դերակատարման համար։

Mantashyants Global Business Forum 2026-ի գործընկերներն են ակումբի անդամ մի շարք կազմակերպություններ՝ Royal Armenia-ն, Big Projects-ը, Freedom Broker Armenia-ն, RED Invest Group-ը, CreativeLab-ը, Parvanyan Consulting-ը, Signum Consulting-ը, Tactical Bunker-ն (ԻՆՋԵՆԻՈ ՍՊԸ) ու Sniper Marketing-ը։

Առաջիկա օրերին ֆորումի մասնակիցները Հայաստանի մի շարք քաղաքներում կմասնակցեն տարբեր միջոցառումների։ Mantashyants Global Business Forum 2026-ն իր աշխատանքները կամփոփի հուլիսի 4-ին՝ Դիլիջանում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել