Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսի վերադարձը. Շուշանցի Նշանը

Հուլիս 01,2026 12:00 Share

Հունիսի 27-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ յուրօրինակ մի գրքի՝ «Շուշանցի Նշանը. Հիշողությունների ալբոմ» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը, որն անցավ  չափազանց ջերմ մթնոլորտում եւ սովորական շնորհանդեսից  վերածվեց մեր այսօրն ու երեկը շաղկապող, մեր ազգային գիտակցությունն ու արժանապատվությունն ամրապնդող, մեր իրական տեսակն ի ցույց դնող հուզիչ երեկոյի։

Գիրքը պատմում է 1915-ին Վան-Վասպուրականի քաջարի ժողովրդի հերոսական ինքնապաշտպանության մասին, որը թեեւ ավարտվեց դժվար  հաղթանակով, սակայն ժողովուրդն ստիպված էր արցունքով ու տառապանքով լուռ հեռանալ իր սիրասուն հայրենիքից։ Ինքնապաշտպանական այդ մարտերում իր սխրանքներով աչքի է ընկել Վանի հարավ-արեւմտյան մասում, Վարագա լեռան լանջին գտնվող չնաշխարհիկ Շուշանց գյուղի բնակիչ, դեռեւս պատանի Նշան Աճեմյանը, որի սխրանքների մասին հետագայում վերհիշել են նրա մարտական ընկերները, համագյուղացիները, վերապրած որբերը, իսկ Վան-Վասպուրականի ճակատամարտի անվանի հերոս Տաճատ Թերլեմեզյանը (նշանավոր նկարիչ Փանոս Թերլեմեզյանի եղբայրը), Ասքանազ եւ Գեղամ Վարդանյան եղբայրները նրա քաջագործությունների մասին թողել են գրավոր վկայություններ։

2015 թվականին հերոսի ավագ թոռը՝ Հենրիկ Բաղդասարյանը ի մի բերելով եղած ոչ շատ հարուստ նյութերը, հրատարակել է «Շուշանցի Նշանը» գրքույկը։ Որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս հերոսին եւ նրա ընկերներին առնչվող նորանոր նյութեր ու արժեքավոր լուսանկարներ՝ առաջ բերելով գրքի նոր՝ լրացված եւ հիմնովին վերամշակված տարբերակի հրատարակման անհրաժեշտությունը, որն էլ իրականություն դարձրեց հերոսի անունը կրող թոռը՝ ամերիկաբնակ հասարակական գործիչ, «Հայ եմ» բարեգործական կազմակերպության տնօրեն Նշան Աճեմյանը։ Գրքի ստեղծմանն իր ջանադիր եւ պրպտուն աշխատանքով մեծապես նպաստել է գրքի խմբագիր եւ համակարգող, ծագումով վանեցի Սերինե Մկրտչյանը՝ ձեռք բերելով բազմաթիվ արխիվային նյութեր, արժեքավոր լուսանկարներ, նոր փաստեր ու տեղեկություններ։ Գրքի հրատարակման առթիվ իր հուզիչ խոսքում Նշան Աճեմյանը նշեց նման գրքերի կարեւորությունը՝ շեշտելով, որ «այս գիրքը, ոչ միայն իմ պապի՝ Շուշանցի Նշանի պատմությունն է, այլեւ հայ ժողովրդի հերոսական էջերից մեկի պատմությունն է, մեր բոլորի պապերի պատմությունն է եւ երախտիքի ու հարգանքի տուրք՝ նրանց հիշատակին…»։

Վան-Վասպուրականի հերոսական պաշտպանության, գաղթի ողբերգական ու սրտամաշ դրվագների նկարագրություններից, բազմաթիվ արժեքավոր փաստաթղթերից, բացառիկ լուսանկարներից, հուշագրություններից,  հոդվածներից ու վկայություններից, Շուշանց գյուղի բնակիչների ցանկից բացի, գրքում տեղ է գտել նաեւ մեր անվանի բանաստեղծ, արձակագիր, վանեցի Մկրտիչ Խերանյանի «Երկար, երկար մի ճանապարհ» վեպից մի շատ քնարական եւ հուզիչ հատված՝ նվիրված Շուշանց գյուղին։

Երիցս ճիշտ է Սերինե Մկրտչյանը, որ գրքի առաջաբանում գրում է. «Քանի-քանի չհրատարակված հիշողություններ մնացին պատմության մեջ չբարձրաձայնված… մենք դեռեւս մեր անցյալն ենք փոքրիկ ծվեններով հավաքում…»։ Հիրավի, տխուր եզրահանգում… Հետեւաբար, պատիվ բոլոր նրանց, ովքեր կարողանում են ծվեն-ծվեն ի մի բերել ու մոռացությունից փրկել մեր դժվար պատմության հերոսական էջերը եւ այդ էջերը կերտած հերոսներին։ Պատիվ նաեւ «Շուշանցի Նշանը. Հիշողությունների ալբոմ» գիրքը լույս աշխարհ բերողներին, ովքեր այս գրքով հավերժական հուշարձան կանգնեցրին ոչ միայն Շուշեցի Նշան Աճեմյանին, այլեւ գրքի բոլոր իրական կերպարներին, որոնցից շատերը գերեզման չունեցան։

Ելույթ ունեցողներն արդարացիորեն արժեւորեցին գիրքը՝ որպես մեծ ներդրում մեր ազգային հիշողությունը պահպանելու, մեր արժեհամակարգը ամրապնդելու, սերունդների միջեւ հոգեւոր կամուրջներն ամրապնդելու, որպես ազգ եւ պետություն ավելի ուժեղ ու կենսունակ դառնալու գործում։

Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել