Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգում էի, ասում էի՝ Լևոն ջան, ցանկը մնաց, պիտի անենք, հա, հիմա գնում եմ հիվանդանոց, ինչ-որ մեկը պառկած է գրողներից, ասենք, հիմա գնում եմ գրքի շնորհանդեսի»

Նոյեմբեր 10,2026 17:47 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ամեն անհատ ինքն իր հոգու, մտայնության ու աշխատասիրության չափով ստեղծում է մի դաշտ, որ ուրիշը չի կարող անել». Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսությունը։

Նոյեմբերի 10-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ հրապարակախոս, թարգմանիչ, «Գարուն» ամսագրի և « Ապոլոն» հրատարակչության երկարամյա ղեկավար, ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսությունը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հիշելով.

«Լևոն Անանյանի հետ ծանոթացել ենք դեռևս Մանկավարժական ինստիտուտում աշխատելու տարիներին, որից հետո մեր ուղիները միացան «Գարուն» ամսագրում։ Նա արվեստի և պոեզիայի բաժնի վարիչն էր. նրա հետաքրքրությունն արվեստի նկատմամբ պատահական չէր, քանի որ նույնիսկ դիպլոմային աշխատանքն էր նվիրված թատերական աշխարհին։ «Գարուն»-ում նա անընդհատ շարժման մեջ էր՝ գնում էր թատերական ներկայացումների, հանդիպումների և հոդվածներ պատրաստում։ Այդ տարիներին «Գարուն»-ում հրապարակախոսությունը միշտ առաջնային դիրքերում էր, և Վարդգես Պետրոսյանի դրած լավ ավանդույթի համաձայն՝ սուր, պրոբլեմատիկ հոդվածներ հրապարակելը ամսագրի մենաշնորհն էր»։

Միլիտոնյանն առանձնահատուկ անդրադարձավ հրատարակչական ու խմբագրական դժվար տարիներին՝ շեշտելով.

«Ամեն անհատ ինքը իր հոգու չափով, իր մտայնության չափով, աշխատասիրության չափով ստեղծում է մի դաշտ, որ ուրիշը չի կարող, որևէ մեկը չի կարող այդ անհատին փոխարեն անել։ Եվ Լևոնը հենց այդ դաշտի տերն էր, իր ստեղծած դաշտի, որը շարունակեց երկար տարիներ «Գարուն»-ում աշխատելիս և հետո խմբագիր եղած ժամանակ՝ արդեն տանելով այն պատերազմական ու դժվար ժամանակներում։ Բայց երբ Լևոնը դարձավ «Գարուն» ամսագրի խմբագիր, նա նաև ստեղծեց « Ապոլոն» հրատարակչությունը, որը հրատարակում էր որակյալ թարգմանական գրականություն՝ փրկելով ու պահպանելով գրական կյանքը այն ծանր շրջանում, երբ պետական գրահրատարակչությունը չնչին միջոցներով էր սահմանափակվում»։

«Առավոտի» հետ զրույցում Լևոն Անանյանի որդին՝ Արամ Անանյանը, արժևորեց հոր թողած մտավոր ժառանգությունն ու մտքի ազատության ավանդույթները.

«Ինքը երևի ամենալայնախոհ մարդկանցից էր, ով մեզ հետ սերմանել է մտքի ազատությունը, և մենք այդ առումով շատ երջանկապարտ ենք։ Հետագայում, երբ ղեկավարում էի «Արմենպրես»-ը, ինքն էր զանգում ու հուշում, թե ինչ շեշտադրումներ պիտի անենք, որպեսզի պետական լրատվամիջոցը ծառայի գրական կյանքին ու համայնքին։ Օրինակ՝ 2012 թվականին, երբ Երևանը հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք, նրա հետ քննարկումներից հետո մեկնարկեցինք «Երևանյան բեսթսելեր» նախագիծը, որն «Արմենպրես»-ն իրականացնում է արդեն 14 տարի։ Դա նոր իմպուլս հաղորդեց գրական կյանքին, փոխեց ուշադրությունը գրքի հանդեպ։ Ինքը մեզ անընդհատ նորը գտնելու, նոր բան նախաձեռնելու, պրպտելու ուժ էր տալիս»։

«Առավոտի» հետ զրույցում Լևոնի Անանյանի գործընկերներից Կարինե Խոդիկյանը պատմեց նրա հետ ունեցած համատեղ ուղու մասին՝ բացահայտելով նրա անխոնջ տեսակը.

«Մեր աշխատանքային կենսագրությունը նույն ճանապարհով է գնացել։ Սկզբում՝ «Գարուն» ամսագիր, հետո ինքը եկավ «Գրողների միություն», ես եկա «Գրական թերթ»։ Եվ այդ բոլոր տարիների ընթացքում ես Լևոնին տեսել եմ միշտ փոփոխվող, բայց միշտ անփոփոխ։ Իր սկզբունքների, իր աշխարհայացքի, իր կենսակերպի, մարդկանց, աշխարհի նկատմամբ իր վերաբերմունքով ինքը միշտ նույնն էր՝ պարկեշտ, հարգալից, դիմացինին գնահատող, ընկերների համար հավատարիմ, իր գործին նվիրված։ Իսկ փոփոխվո՞ղ, որովհետև նա այն մտավորականն էր, որ միշտ մատը պահում էր կյանքի, երկրի զարկերակի վրա, իսկ դա նշանակում է ամեն օր նորովի սկսել օրդ։ Այդ առումով դա նրա մոտ շատ լավ էր ստացվում՝ միշտ անփոփոխ ու միշտ փոփոխվող Լևոն Անանյանը»։

Կարինե Խոդիկյանը հիշեց նաև 1992 թվականի պատերազմական խավար ու ցուրտ օրերի մի դրվագ.

«Իմ մտապատկերում մի տեսարան կա՝ 1992 թվականն էր, դե չասեմ դա ինչ օրեր էին, ինչ ժամանակներ էին՝ պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, խավար, լույս չկա։ Այդ օրը շտապ գործ ունեի եւ ընդհանրապես իրեն հարգող գարունականը (11-ից շուտ աշխատանքի չէր գալիս, դա չգրված օրենք էր)։ Եվ այդ օրը շտապ եկավ, որովհետև հեղինակի հետ պիտի հանդիպեր, նա պիտի հոդվածը բերեր ու գնար երկրից։ Դրա համար ժամը 9:30-ին, ես մտածելով, որ «այսքան շուտ եկել եմ գործի», եկա տեսա, որ այդ հիմնական դուռը բաց է, և խմբագրի դուռը նույնպես բաց է, ներս մտա ու տեսա Լևոնին այդ սառնամանիքի մեջ, այդ վերարկուի մեջ կծկված էջերն է նայում։ Եվ տպավորությունն այն էր, որ նա տուն չէր գնացել։ Ու երբ հարցրի՝ «Այս ե՞րբ», ինքը շատ հանգիստ ասաց՝ «Դե, առավոտը 8:30-ին երեխեքին դպրոց եմ տանում ու գալիս այստեղ»։ Այդտեղ պարզեցինք, որ ինքը ամեն առավոտ, երբ մենք գալիս էինք, Լևոնը վաղուց աշխատանքի էր»։

 

Զրույցի ընթացքում արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը ևս կիսվեց իր խորը հիշողություններով.

«Գիտեք, ես նախ և առաջ կուզեի իր մարդկային հետագծի մասին խոսել, որովհետև ամբողջ մի կյանք լինելով գրականության, արվեստի, առհասարակ մշակույթի ոլորտում, ես ավելի պարկեշտ, ավելի իր շրջապատին նվիրյալ, իր մերձավորների համար այդպես ջանադիր աշխատող մարդ գրեթե քիչ եմ տեսել։ Այնպես որ ուզում եմ ասել, որ Լևոն Անանյանի մարդկային տեսակը շատ կարեւոր է, իսկ ընդհանուր առմամբ ինքը շատ մեծ գործ է թողել որպես խմբագիր, որպես թարգմանիչ»։

Գեղամյանն անդրադարձավ նաև հրատարակչական ու պետական աջակցության ոլորտում Անանյանի անձնվեր ջանքերին.

«Ապոլոնը» դարձավ թարգմանական գրականությունն այդպես մատակարարող, ընթերցանությունը ակտիվացնող մի շատ կարևոր օջախ, որտեղ Լևոն Անանյանն ոչ միայն հիմնադիր, խմբագիր էր, այլ նաև ինքը շատ-շատ գրքեր թարգմանեց… Եվ Լևոն Անանյանը այնպիսի ջանադրությամբ, ուղղակի պնդելով, ինքը իրեն այսպես սպառելով պնդում էր՝ չէ, սա էլ պիտի անենք, սա էլ պիտի անենք… Եվ հավատացեք՝ ինքը երբեք չներկայացրեց իր գրքերը պետական պատվերի կամ աջակցության, դա շատ մեծ առաքելություն է… Զանգում էի, ասում էի՝ Լևոն ջան, ցանկը մնաց, պիտի անենք, հա, հիմա գնում եմ հիվանդանոց, ինչ-որ մեկը պառկած է գրողներից, ասենք,  հիմա գնում եմ գրքի շնորհանդեսի, հիմա գնում, այսպես, անընդհատ շարժման մեջ էր»։

Արամ Անանյանի խոսքով՝ նախատեսվում է նաև բոլոր գրողներին նվիրված մի հուշարձան կանգնեցնել, որը կունենա սիմվոլիկ տեսք և չի ունենա ստանդարտ դիմագծեր։ Այն կլինի համահավաք հուշարձան՝ նվիրված հայ գրողին, տարեգրին, ստեղծագործողին ու հրապարակախոսին՝ դառնալով Լևոն Անանյանի և գրականության բոլոր մշակների հիշատակի ու անցած ուղու մարմնավորումը։

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել