Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բալիկները հրամայում են

Հուլիս 01,2026 00:10 Share

Արցախ, իմ սիրտ, քեզ սիրում եմ,
Քեզանով շնչում եմ ես։

Արդեն Երևանում է գործում «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը՝ վերածնված Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Հունիսի 30-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դահլիճում հանդիսատեսները, որ հիմնականում արցախցիներ էին, ըմբոշխնեցին «Արցախի բալիկներ» համույթի հերթական համերգը։

«Ձոն Արցախին» խորագիրն էր կրում Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ գործող մանկապատանեկան համույթի համերգը՝ «Դիալոգ» ՀԿ-ի հովանավորությամբ։ Այս անգամ արցախցի մանուկները հանդիսատեսին ոգևորեցին, հուզեցին, ստիպեցին արտասվել և վերջապես դարձյալ մտածել տունդարձի մասին։ Բեմը ձևավորված էր արցախցի գյուղացու հիմնական գործիքներով՝ խնոցի, արկանք, սալա և այլն։ Ծրագրում ընդգրկված էին արցախյան ազգագրական սիրված այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Ձոն Արցախին», «Ղարաբաղի բալիկն ենք», «Շուշվա կեղը», «Տմբլաչի Խաչան», «Վեր կաց, եղբայր իմ», «Ո՞ւր եք, տղաներ», «Պիտի ապրենք» և այլ երգեր՝ պարային կատարումների, թատերականացված ասմունքի, արցախյան բանահյուսության ուղեկցությամբ։ Համերգը սկսվեց արցախյան երանելի օրերի պատմությամբ․ թոռնիկները հյուր էին գնացել Դեդո-Բաբոյին, ու պարզ է Բաբոյի ուրախությունը։ Բաբոյի օգնությամբ նկարեցին իրենց տունը։ Յուրաքանչյուր կատարում ստիպում էր հանդիսատեսին ծափողջյուններով հայտնել շնորհակալություն Արցախում ծնված, սակայն այսօր հայրենի ծննդավայրից 2023-ին բռնի հեռացած երեխաներին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից հետո շատ բան փոխվեց աշխարհի ամենաազատ Արցախ աշխարհում։ Նույն երեխաները և նրանց հասակակից հազարավոր արցախցի բալիկներ մեկ տարուց ավելի մնացին շրջափակման մեջ, տեսան սով ու ամենաահավորը՝ շարունակվող պատերազմ։ Նրանց գլխավերևով թշնամու արձակած արկերն են անցել, պայթել աչքի առջև։ Եղավ նաև բռնի տեղահանությունը, որը տևեց մի քանի ծանր ու մղձավանջային օր։ Եվ այս ամենը տեսած երեխաները երգեցին «Ղարաբաղի բալիկներն ենք» երգը։

Այսօր դարձյալ միասին են համույթի երեխաները՝ սիրելի գեղարվեստական ղեկավարի՝ Գայանե Հարությունյանի գլխավորությամբ։ Միասին են ու միշտ կատարելագործում են իրենց տաղանդը, շնորհքը։ Մեծ ոգևորությամբ կատարեցին Հայոց այբուբենը․

Արարիչ Բովանդակ Գոյության Դատավոր Երկնային Զորավոր Էություն․․․

«Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը կազմավորվել է 1989 թվականին՝ Սերգեյ Հարությունյանի ջանքերով։ Գայանե Հարությունյանը 1998-ից համույթի խմբավարն էր, 2008-ին նշանակվել է գեղարվեստական ղեկավար։ Բռնի տեղահանությունից հետո եղավ հանդիպում «Դիալոգ»-ի հիմնադիր-նախագահ Յուրի Նավոյանի հետ, որից հետո համույթը շարունակեց իր գործունեությունը՝ արդեն Երևանում։

Հունիսի 30-ի համերգն ավարտվեց «Ղարաբաղ, իմ չքնաղ» երգով, որը պահանջ ու հրաման էր բոլորիս՝ պետք է վերադառնալ Հայոց Արցախ։ Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին համերգի հովանավորին, հանդիսատեսին, Ազգային տիկնիկային թատրոնի ղեկավարությանը։ Թատրոնի սրահում գործում էր նաև ցուցահանդես-վաճառք։ Արցախցիներն իրենց ձեռքի աշխատանքներն էին ցուցադրել։

Համերգից հետո զրուցեցի հանդիսատեսների հետ։ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանն ասաց, որ համերգի ողջ ընթացքում արտասվել է։ «Արցախում ծնված այս երեխաներն առավել են կարոտում հայրենի տանը»,- ասաց Ի. Թամրազյանը, ով երկար տարիներ աշխատում է երեխաների հետ ու լավ է ճանաչում նրանց հոգեբանությունը։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031