Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի բալիկները» շարունակում են երգել

Հոկտեմբեր 22,2026 22:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«36 տարվա աշխատանքը ափսոս էր թողնել»․ այս մտքով էր Արցախի «Բալիկներ» մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյանը երկու տարի փորձում հովանավոր գտնել, որպեսզի բռնի տեղահանումից հետո երեխաները կրկին կարողանան բեմ բարձրանալ։

Համույթը, որի անդամները 4-16 տարեկան երեխաներ են, Արցախից բռնի տեղահանվելուց հետո կանգնել էր մի պարզ, բայց ծանր խնդրի առաջ՝ նորից հավաքել երեխաներին, հաղթահարել նրանց ապրածի հոգեբանական ծանրությունը և վերսկսել պարապմունքները։

«Բարդ է շատ, բայց դեռ հաղթահարում ենք»,- ասում է Գայանե Հարությունյանը։

Կարդացեք նաև

Համույթի հերթական՝ արդեն վեցերորդ համերգը տեղի ունեցավ Երևանի տիկնիկային թատրոնում։ Բայց այդ բեմ հասնելը հեշտ ճանապարհ չի եղել։ Երեխաները Երևանում չեն միայն, նրանցից շատերը մարզերում են ապրում, և շաբաթական երկու-երեք անգամ հավաքվելը բոլորի համար նույնքան հեշտ չէ։

«Արցախի բալիկների» համար այդ հանդիպումները միայն երգի ու պարի պարապմունքներ չեն։ Երեխաները նորից սովորում են միասին լինելու զգացողությունը։

Համույթի անդամ Անի Իսրայելյանը, որն արդեն յոթ տարի երգում է, պատմում է, որ բռնի տեղահանումից հետո որոշ ժամանակ է պահանջվել, որպեսզի երեխաները կարողանան դուրս գալ ցրվածության ու հոգեբանական ծանրության վիճակից։ Ասում է՝ համույթում իր համար ամենակարևորներից մեկը հենց այդ միասին լինելու զգացողությունն է, երբ բոլորը հավաքվում են, լսում են միմյանց ձայները, զգում, որ կրկին մի տեղում են։

Համույթի վերականգնման պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Դիալոգ» կազմակերպությունը։

Գայանե Հարությունյանը պատմում է, որ սկզբում անգամ չէր հավատում, երբ առաջարկ ստացավ համույթը վերակենդանացնելու մասին։ Երկու տարի շարունակ նա հովանավոր էր փնտրում, որպեսզի երեխաների համար հնարավոր լինի շարունակել աշխատանքը։ «Դիալոգ»-ի հետ կապը ստեղծվել է ձեռագործ աշխատանքների դասընթացներից մեկի միջոցով։ Գայանեն կազմակերպության մշակութային կենտրոնում դասընթաց էր վարում, այնտեղ էլ իմացել է, որ կազմակերպությունը կարող է աջակցել համույթի վերականգնմանը։

Համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է անցած տարի՝ 2025-ի դեկտեմբերի 1-ին, իսկ մոտ մեկուկես ամիս անց երեխաների համար արդեն նոր հագուստներ էին պատրաստված՝ արցախյան թեմատիկայով։ Հունվարին համույթը բեմ բարձրացավ։

Առաջին համերգը կոչվում էր «Արցախի կանչը»։

Դրանից հետո ամեն երկու-երեք ամիսը մեկ երեխաները նոր ծրագիր են պատրաստում՝ նոր սցենարով և նոր երգերով։ Համույթի զգեստապահարանում արդեն տարբեր ոճերի տարազներ և դասական հագուստներ կան։ Այժմ պատրաստվում են ամանորյա ծրագրին, որի վրա աշխատանքը սկսելու է նոյեմբերի 1-ից։

Համույթի վերջին համերգը նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։ Երևանի տիկնիկային թատրոնի բեմում «Արցախի բալիկները» ներկայացրեցին «Զոն Հայաստան» խորագրով ծրագիրը։

Այս համերգին երեխաները հատուկ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են պատրաստվել։ Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված համերգը «Արցախի բալիկների» համար հերթական ելույթը չէր միայն։ Այն հնարավորություն էր՝ երեխաների ձայնով շարունակելու մշակութային հիշողությունը, միաժամանակ կապվելու հայ երաժշտության այն ժառանգության հետ, որը պատկանում է բոլորին։

Գայանե Հարությունյանի և երեխաների երազանքն այսօր բավական պարզ է՝ շարունակել բեմ բարձրանալ, ավելի ճանաչված դառնալ և մի օր հանդես գալ նաև այլ երկրներում։

Անի Իսրայելյանն էլ վստահ է, որ համույթը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Թե ինքը որքան ժամանակ կմնա այնտեղ, չգիտի․ դպրոցն ավարտում է, իսկ «բալիկ» լինելու ժամանակն էլ կարծես անցնում է։ Բայց համույթի ապագայի նկատմամբ վստահ է․ «Հաստատ այս համույթը ապագայում շատ ճանաչված է լինելու, որովհետև Գայանե Հարությունյանը շատ քրտնաջան աշխատանք է կատարում, որպեսզի լավ արդյունք ստանանք»։

Գայանեն իր հերթին հավատում է հրաշքներին։

Գուցե հենց այդ հավատն է նրան երկու տարի շարունակ ստիպել չհանձնվել, երբ հովանավոր չէր գտնվում։ Գուցե հենց դրա շնորհիվ են երեխաները նորից հավաքվել, նորից երգել, պարել ու բեմ բարձրացել։

Իսկ յուրաքանչյուր համերգի վերջում Գայանեն մի ցանկություն է ունենում․ «Ամեն անգամ, ամեն համերգի վերջում հույս եմ պահում, որ մի օր կգա, մենք էլ անպայման… հաջորդ համերգը կտանք Ստեփանակերտում, մեր միջավայրում, մեր ծննդավայրում»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031