Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ

Հուլիս 01,2026 13:17 Share

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Հայկ Ստեփանյանը ՄԻՊ ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն բարձրաձայնել է երեխաների տեսակցության հետ կապված հարց:

ՄԻՊ հաստատությունն անմիջապես բարձրացրել է նշված հարցը և իր լիազորությունների շրջանակում համագործակցել է իրավասու պետական մարմինների հետ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձի` խնամքի հաստատությունում գտնվող երեխաների հետ տեսակցությունը քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցի շուրջ։

Տեսակցության կազմակերպման հարցերը քննարկվել են բացառապես երեխաների լավագույն շահի ապահովման համատեքստում։

Պետական մարմինների և ՄԻՊ հաստատության համագործակցության արդյունքում ապահովվել է երեխաների՝ քրեակատարողական հիմնարկում հոր հետ տեսակցությունը։

Նույն օրը ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել նաև երեխաների հետ: Վերջիններս բարձրաձայնել են նաև խնամքի հաստատությունում իրենց խնամքի պայմաններին վերաբերող հարցեր, որոնք Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել և հասցեագրվել են իրավասու մարմիններին՝ դրանց համակողմանի ուսումնասիրության և պատշաճ քննարկման նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման իրավիճակներում իրավասու պետական մարմինների համագործակցային մոտեցումը՝ որպես երեխաների իրավունքների արդյունավետ իրացման և առաջացած խնդիրներին համակարգային արձագանք ապահովելու կարևոր նախապայման։

Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձի կողմից բարձրացված կալանքի հետ կապված հարցին, կարևոր է նկատի ունենալ, որ այդ հարցը Պաշտպանը երբևէ քննարկման առարկա չի դարձնում` պայմանավորված բացառապես հացադուլ հայտարարելու հանգամանքով: Խափանման միջոցների կիրառման միջազգային չափանիշների առերևույթ խախտումը կամ դրանք շրջանցելն է, որ հանգեցնում է կալանք խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը բարձրաձայնելու և արդյունքում` այն փոփոխելու անհրաժեշտության: Այդ չափանիշներն են, որ դատարանները և իրավասու մյուս դերակատարները պետք է մշտապես, այդ թվում` այս դեպքում, դնեն խափանման միջոցի կիրառման կամ դրա փոփոխության որոշումների հիմքում:

Մարդու իրավունքների պաշտպանը անընդհատ հետևում է նաև հացադուլի վարման պետության պարտավորությունների կատարմանը և արձանագրված խնդիրները հասցեավորում է տարբեր գործիքակազմերի շրջանակներում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031