Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանն անդրադարձել է ՄԻՊ-ի մանդատի վերաբերյալ տարածված թյուրըմբռնումներին և պարզաբանել, թե ինչով է Պաշտպանի գործիքակազմը տարբերվում դատարանների և հասարակական կազմակերպությունների գործիքակազմերից

Նոյեմբեր 27,2026 13:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար անցկացրել է վարպետաց դաս՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ժամանակակից հասարակությունում․ ՄԻՊ ինստիտուտի դերն ու սահմանադրական առաքելությունը» թեմայով։ Հանդիպմանը մասնակցել են նաև համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը, լիազորությունների շրջանակը և գործունեության հիմնական ուղղությունները։ Նա անդրադարձել է ՄԻՊ-ի մանդատի վերաբերյալ տարածված թյուրըմբռնումներին և պարզաբանել, թե ինչով է Պաշտպանի գործիքակազմը տարբերվում դատարանների և հասարակական կազմակերպությունների գործիքակազմերից։

Պաշտպանն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ անկախությունը ՄԻՊ-ի արդյունավետ գործունեության հիմնարար նախապայմաններից է։ Նրա խոսքով՝ Պաշտպանի որոշումների և դիրքորոշումների հիմքում պետք է լինեն իրավական չափանիշները, մասնագիտական գնահատականը և մարդու իրավունքների արժեքները։ Անդրադառնալով հաստատության նկատմամբ հանրային վստահությանը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մասնագիտական պատրաստվածությունն ու անհատական բարեվարքությունը։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և բուհերի միջև համագործակցությունը։ Նրա խոսքով՝ ուսանողների հետ անմիջական երկխոսությունը հնարավորություն է տալիս քննարկելու մարդու իրավունքների պաշտպանության գործնական խնդիրները և դիտարկելու դրանց լուծման հնարավորությունները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է որակյալ կրթության դերը՝ մասնագիտական կարողությունների, պատասխանատու վարքագծի և իրավունքի նկատմամբ հարգանքի ձևավորման գործում։

Վարպետաց դասի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի դրսևորումներին, կանանց նկատմամբ բռնության խնդիրներին, դրանց ազդեցությանը մարդու իրավունքների և արժանապատվության վրա, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքների կարևորությանը։

Հարցուպատասխանի ընթացքում ուսանողներն անդրադարձել են ՄԻՊ-ի լիազորություններին, հաստատության անկախության երաշխիքներին և քաղաքական ազդեցություններից զերծ գործունեության ապահովմանը։ Հարցեր են հնչել նաև գաղտնի քննչական գործողությունների, քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և բովանդակային քննարկման համար՝ կարևորելով ուսանողների հետ նման հանդիպումների շարունակականությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել