Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենադարձության պատմությունը մեր ընդհանուր պատմության մեջ կարծես պահված լիներ խորդանոցում»․ Մեծ հայրենադարձությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես Հայաստանի պատմության թանգարանում

Հուլիս 02,2026 23:45 Share

Հայաստանի պատմության թանգարանում հուլիսի 2-ին բացվել է «Հայաստան. բաց դուռ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված 1946–1949 թվականների Մեծ հայրենադարձության 80-ամյակին։

Ցուցադրությունը ներկայացնում է շուրջ 90 հազար հայրենադարձների պատմությունը՝ փաստաթղթերի, լուսանկարների, ֆիլմերի և անձնական իրերի միջոցով։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցահանդեսը կարևոր հնարավորություն է վերարժևորելու պատմությունը և բացահայտելու անցյալի, ներկայի ու ապագայի միջև եղած կապերը։

Այն կազմակերպվել է «Ֆակտում» փաստագրական կենտրոնի նախաձեռնությամբ և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության արդյունքում։ Ցուցահանդեսի իրականացման կարևոր աջակիցներից է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, որի հետ Պատմության թանգարանը երկար տարիներ համագործակցում է։

Այստեղ ներկայացված են նաև «Ֆակտում» կենտրոնի երկարամյա գործունեության արդյունքները՝ տասնյակ փաստաթղթեր, փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ, ֆիլմեր, ինչպես նաև իրային նմուշներ, որոնք պատմական մեծ նշանակություն ունեն։

Ցուցահանդեսի նյութերի հետազոտող Տիգրան Պասկևիչյանը բացման արարողության ընթացքում նշեց․

Երբ նոր սկսեցինք այս նախագիծը՝ Մեծ հայրենադարձության ուսումնասիրությունը, 2011 թվականն էր։ Առաջին անգամ գնացի Միացյալ Նահանգներ նկարահանումներ անելու։ Ինձ խորհուրդ տվեցին Հարութ Պարսամյանի հետ զրուցել։ Զանգեցի իրեն, բացատրեցի, թե ով եմ, ինչ եմ ուզում անել։ Երկար լռություն տիրեց․ կասկածեցի՝ կապը կտրվել է։ Երկար դադարից հետո խռպոտ ձայնով զրուցակիցը ասաց՝ ու՞ր ես, 50 տարի քեզի կսպասեմ, ու՞ր ես։ Հետո բոլորի հետ, որ փորձեցինք կապվել, այդ «ու՞ր ես» հարցը կամ «ինչու ես ուշացել» հարցը եղավ։

Հայրենադարձության պատմությունը մեր ընդհանուր պատմության մեջ կարծես պահված լիներ խորդանոցում։ Եվ մենք, չունեմ հավակնություն ասելու, որ հանեցինք խորդանոցից դուրս, ոչ, բայց այսօր, եթե այդ մարդկանցից շատերը այստեղ լինեին, իրենց համար սա կլիներ շատ մեծ իրադարձություն, որովհետև այդ պատմությունը խորդանոցից տեղափոխվեց թանգարան։

Տիգրան Պասկևիչյանը թեմայի վերաբերյալ իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ Մեծ հայրենադարձությունը համարում է 20-րդ դարի կարևորագույն երեք իրադարձություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունից և Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորումից հետո։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր Հովնանյան հիմնադրամի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը պատմեց իր ընտանիքի պատմությունը՝ կապված հայրենադարձության հետ։ Նա նշեց, որ ծնվել է Ֆրանսիայում, սակայն 10 տարի առաջ ինքն էլ է հայրենադարձվել։ Նրա խոսքով՝ անցյալի կարևորագույն այս իրադարձությունը նաև իրենց հիմնադրամին շատ կօգնի հասկանալու, թե որոնք են եղել Մեծ հայրենադարձության պատճառները։

«Հայաստան. բաց դուռ» ժամանակավոր ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թ. սեպտեմբերի 2-ը։

 

Ռիմա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել