Լրահոս
Օրվա լրահոսը

«700-ից 2000 դրոններով մեկ շոուի արժեքը տատանվում է 100,000-250,000 ԱՄՆ դոլարի սահմաններում, չի կարող 9 քաղաքներում ՔՊ-ի անցկացված մեծ հանրահավաքների ծախսը՝ ներառյալ դրոնների շոուն, արժենալ 214 միլիոն դրամ»․ «Հայաստան» դաշինքի դիմումը ՍԴ-ին

Հուլիս 03,2026 23:03 Share

«Խնդրում ենք անվավեր ճանաչել 2026 թ․ հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՀ ԿԸՀ-ի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը»,- այսպիսի պահանջ է ամրագրված «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ՍԴ ներկայացված դիմումում։

Դիմումն, ըստ էության, ընդարձակ չէ, բաղկացած է 23 էջից։ Հիմքերն են ինստիտուցիոնալ վարչական ռեսուրսի չարաշահումներն ու ընտրությունների հաշվարկային անճշտությունները։

Որպես վարչական ռեսուրսի օրինակ՝ բերվում է առողջապահության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) ներդրումը՝ որպես վարչական ռեսուրսի չարաշահման գործիք, և հիմնավորվում․ «Թեև ԱՀԱ-ի ներդրումը նախատեսված է եղել Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով, տվյալ ժամանակահատվածում համակարգի կայուն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և աղբյուրներ առկա չեն եղել, ինչը փաստվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետության պահուստային ֆոնդից հատկացված 65 միլիոն դրամի հատկացումով»։

«Հայաստան» դաշինքը պնդում է, որ 2026-ի հունվար-մայիս ամիսներին ՀՀ կառավարությունը պետական միջոցներով իրականացրել է ընտրողների ուղղակի ֆինանսական մոբիլիզացիա։

«Հայաստան» դաշինքի դիմումում անվճար համերգները, որոնք կազմակերպվել են ՔՊ-ի կողմից, ներկայացվում են որպես թաքնված քարոզչություն։

Մայիսի 28-ին կազմակերպված զորահանդեսն էլ ներկայացվում է, որ օգտագործվել է իշխող ուժի քաղաքական օրակարգը սպասարկելու համար։ Հղում կատարելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշվում է, որ զորահանդեսը չնախատեսված էր։

ՍԴ-ին ուղղված դիմումում հանրային ծառայողներին քարոզչությանը ներգրավելու ոչ միայն մամուլում հրապարակված փաստերն են ներառված, այլև «Հայաստան» դաշինքի մշտադիտարկման արդյունքները․ «Մասնավորապես, Արթիկ համայնքում հաջողվել է նույնականացնել և ամփոփ զեկույցում վավերագրել վարչական ռեսուրսի կիրառման կոնկրետ դեպք, որը տեղի է ունեցել ենթադրաբար 2026-ի մայիսի 13-ին կամ 14-ին։ Տվյալ դեպքի իսկությունը հաստատվել է սոցիալական ցանցում ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի տարածքային «Շիրակ, տեր կանգնիր խաղաղությանը» էջում մայիսի 14-ին հրապարակված քարոզարշավի լուսանկարների և Արթիկ համայնքի պաշտոնական կայքում տեղադրված՝ աշխատակազմի տվյալների համադրված ուսումնասիրությամբ, որով նույնականացվել է Արթիկ համայնքի և ենթակա հիմնարկների ավելի քան 24 աշխատակից»։

Մեկ այլ օրինակ բերված է Մարտունի համայնքից․ «Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան էջում մայիսի 27-ին հրապարակված լուսանկարներով նույնականացվել է համայնքային ծառայող հանդիսացող 12 անձ»։

Դիմումում նաև անդրադարձ կա Կապանում, Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Արտաշատում, Աբովյանում և Երևանում անցկացված դրոնների շոուներին, դրանց շուկայական արժեքին և ՔՊ-ի հայտարարագրած ծախսերին․

«Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ 700-ից 2000 դրոններով մեկ շոուի արժեքը տատանվում է 100,000-250,000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ ՔՊ-ի քարոզարշավի նույն խորհրդանիշներով և կարգախոսներով դրոն-շոու առաջին անգամ անցկացվել է 2026-ի Ամանորի գիշերը, որտեղ կիրառվել են 2000-ից ավելի դրոններ։ Այլ կերպ ասած՝ չի կարող 9 քաղաքներում անցկացված մեծ հանրահավաքների ծախսը, ներառյալ՝ լուսաձայնային տեխնիկան, բեմերի կոնստրուկցիաների հավաքման և լոգիստիկ ծախսերը, դրոնների շոուն՝ շրջիկ պիկապների հետ միասին, արժենալ 214 միլիոն դրամ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031