Հունիսի 8-ին առավոտյան ժամը 10-ին մոտ ԿԸՀ-ն հրապարակեց ԱԺ ընտրությունների արդյունքները՝ բոլոր 2005 տեղամասերից ստացված քվեարկության տվյալներով: Փորձենք կարճ վերլուծել այդ թվերը՝ համեմատական անցկացնելով 2021 թվականի ԱԺ ընտրությունների հետ:
Մասնակցություն
2021 թվականին ընտրողների թիվը 2 մլն 595 հազար 512 էր, որից մասնակցել էր ընտրությանը 1 մլն 281 հազար 997 մարդ կամ մասնակցության իրավունք ունեցողների 49.39-ը:
Այս տարի ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 503 976 մարդ, այսինքն՝ մոտ 590 հազար ընտրողով պակաս, բայց մասնակցությունն ավելի բարձր էր՝ 1 476 597 մարդ, ընդհանուրի 58,97%-ը: Ավելի քան կես միլիոն ընտրող պակասելը հինգ տարվա ընթացքում կարող է լինել արտագաղթի եւ ծնելիության նվազման արդյունք:
Կարդացեք նաև
ՔՊ-ի ձայները
ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պարզ մեծամասնությամբ՝ 49,81 % ձայնով անցավ խորհրդարան:
Այս տարի, ըստ ԿԸՀ-ի, ՔՊ-ին ձայն է տվել 727 160 ընտրող՝ 2021-ի 688 761-ի փոխարեն, սակայն 2021-ին տոկոսային հարաբերակցությամբ ՔՊ-ն ավելի բարձր տոկոս ուներ՝ 53.91%:
Ովքեր են անցնում խորհրդարան
Ըստ օրենքի՝ խորհրդարան են անցնում 8%-ի շեմը հաղթահարած դաշինքները եւ 4%-ի շեմը հաղթահարած կուսակցությունները: Այդ շեմը հաղթահարել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 23,29% (340 062 ձայն), «Հայաստան» դաշինքը` 9,94% (145 097 ձայն) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 4% (58 368 ձայն):
Այս ուժերից 2021-ի ընտրություններին մասնակցել էր «Հայաստան» դաշինքը՝ հավաքելով 21.09 տոկոս՝ 269 481 ձայն, եւ «Բարգավաճ Հայաստանը», որը չէր հաղթահարել շեմը՝ հավաքելով 50 444 ձայն՝ 3.95 տոկոս:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ձեւավորվեց «Մեր ձեւով» շարժման արդյունքում, որը պատասխան քայլ էր՝ 2025թ. հունիսին գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին Հայ առաքելական եկեղեցուն իր աջակցությունը հայտնելու համար ձերբակալելուն: Մեկ տարվա ընթացքում նորահայտ քաղաքական ուժը, որի ցուցակում մեծամասամբ նոր, հանրությանը քիչ հայտնի մարդիկ էին, եւ որը ամբողջ նախընտրական շրջանում իշխանության եւ իշխանամերձ շրջանակների կողմից ոչ միայն հակաքարոզչության, այլեւ իրավական ճնշումների թիրախ էր, ստացավ ընտրությունների մասնակիցների գրեթե ¼-ի ձայները՝ ըստ ԿԸՀ-ի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այս տարի մինչեւ վերջին պահը կանգնած էր եզրագծին՝ 5-3% հարաբերակցության շրջանում տատանվելով, մինչեւ վերջին պահին ստացավ 4%: Սակայն կանխատեսումներ կան, որ ձայների վերահաշվարկի կամ այլ մեթոդներով ՔՊ-ն ամեն ինչ անելու է ԲՀԿ-ի տոկոսները նվազեցնելու, այդ կուսակցությանը խորհրդարան չթողնելու եւ արդյունքում մանդատների քանակն ավելացնելու համար:
Թարմացում– Ինչպես եւ կանխատեսվում էր՝ ԲՀԿ-ին ԿԸՀ-ն դուրս թողեց խորհրդարանից՝ հաշվարկելով անճշտությունները:
Խորհրդարան չանցած ուժերը, որ 2%-ից ավելին են հավաքել
«Միասնության թեւեր» կուսակցությունը, որը ղեկավարում էր ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, չնայած ավելի բարձր արդյունքների կանխատեսմանը, չանցավ խորհրդարան՝ հավաքելով ընդամենը 2, 3% -ը՝ 33 618 ձայն: Արման Թաթոյանը հանրության շրջանում բարձր ռեյտինգ ուներ, երբ մարդու իրավունքների պաշտպան էր ՔՊ-ի կառավարման առաջին փուլում: «Միասնության թեւերը» որպես քաղաքական շարժում սկսվեց 2025թ. հոկտեմբերին, իսկ որպես կուսակցություն՝ 2026-ի ապրիլին: Ընտրություններին մասնակցելու համար թերեւս կարճ ժամանակաշրջան էր:
Նորահայտ ուժ էր Շնորհապետական կուսակցությունը, որը հավաքել է 2,11 % ՝ 30 797 ձայն: Այս ուժը շատ ակտիվ, ընդգծված արեւմտամետ եւ արցախատյաց ագրեսիվ քաղաքականություն էր տանում սոցցանցերում:
1 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունները
«Դոկ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հետ կապվող ԴՈԿ-ը հավաքել է 26 565 ձայն՝ 1,82 %-ը: Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունը՝ 1,75 % (25618 ձայն), «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը՝ 1,47 % (21467 ձայն) եւ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,08 % (15827 ձայն):
Այս ուժերից նախորդ ընտրություններին մասնակցել էր միայն «Հանրապետություն» կուսակցությունը՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի ղեկավարած ուժը: Նախորդ ընտրություններում այն հավաքել էր 38 758 ձայն (3.03%)՝ 2,5 անգամ ավելի շատ ձայն, քան այս ընտրություններում: Արամ Սարգսյանը 2021-ին դեռ կարողանում էր իբրեւ ինքնուրույն ուժ իրեն ներկայացնել, սակայն այս հինգ տարիների ընթացքում առավել քան ակնհայտ դարձավ, որ «Հանրապետությունը» ՔՊ-ի արբանյակն է, իսկ երբ քվեարկությունից երկու օր առաջ Փաշինյանի ուղիղ հրահանգով Ա.Սարգսյանը դիմեց ԿԸՀ՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի», որեւէ պատրանք չմնաց:
Ուժեր, որ չհավաքեցին անգամ 1%
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2021-ին հավաքել էր 15 591 կամ 1.22 տոկոս: Այս տարի հավաքել է կրկնակի պակաս՝ 0,5% (7256 ձայն):
Արման Բաբաջանյանը («Հանուն Հանրապետության») նախորդ ընտրություններին մասնակցում էր Լեւոն Շիրինյանի (ՔԺԿ) հետ՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք կազմով, եւ միասին հավաքել էին 19 212 ձայն՝ 1.5 տոկոս: Այս պարագայում «բաժանիր, որ տիրես»-ը չի գործել, նրանք համատեղ ուժերով հավաքել են կրկնակի քիչ ձայն, քան երբ միասին էին՝ «Հանուն Հանրապետության»-ը հավաքել է- 0,46% (6750 ձայն), իսկ ՔԺԿ (Շիրինյան)-0,18% (2679 ձայն):
«Ազգային ժողովրդավարական բեւեռը» այս տարի հավաքել է 5485 ձայն՝ 0,38%, իսկ հինգ տարի առաջ գրանցել էր երեք անգամ ավելի բարձր արդյունք՝ 18 976 ձայն կամ 1.49 տոկոս:
Հայ ազգային կոնգրեսն այս անգամ ստացել է ընդամենը 0,22 % (3206 ձայն), այն դեպքում, որ 2021-ին ուներ 19 691 կամ 1.54 տոկոս:
ԺԴՀԿ (Սուրեն Պետրոսյան)-ն՝ իր 5282 ձայնով (0,36%), «Քոչարի»-ն՝ 1984 ձայնով (0,14%) եւ 1456 ձայն հավաքած Ռեֆորմիստները(0,1%), նույնպես չէին մասնակցել 2021-ի ընտրություններին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ




















































Խնդրում եմ հաշվեք նորից 2021ի և 2026 թթ ընտրելու իրավունք ունեցողների թիվը։ Ոնց էլ հաշվեք “ավելի քան կես միլիոն” չի դառնա, 5 անգամ պակաս ձեր ասածից։ Շատ խորը վերլուծություն է