Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 2021-ին մենք հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնայինք կառավարության շենք, ինչ կլիներ կոնկրետ իմ հետ։ Ճիշտ նույնը…». Քոչարյան

Հուլիս 10,2026 12:46 Share

«Առաջին օրից չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում։ Որևէ պարզաբանում ո՛չ քննիչն է տվել, ո՛չ դատախազները։ Չեմ հասկանում, թե իմ որ գործողության շնորհիվ եմ գերազանցել իմ լիազորությունները»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Քոչարյանն ասաց, որ պատկերացնում է, թե ինչ կլիներ, եթե 2021 թվականի ընտրություններից հետո, երբ իրենք հավաքել էին 29 տոկոս ձայն, հայտարարեին, որ հաղթել են և պետք է գնան կառավարության շենք։

«Ինչ կլիներ կոնկրետ իմ հետ։ Ճիշտ նույնը…»,- ասաց նա։

Քոչարյանը հարցրեց, թե ինչ պետք է աներ երկրի նախագահը, երբ, իր խոսքով, զուգահեռաբար անցկացվող ցույցերի օրերին բանակի ղեկավար կազմի մի մասը քննարկում էր՝ միանա՞լ ժողովրդի ցույցերին, թե՞ ոչ։

«Եվ ինձ զեկուցում են, որ զինվորականներն այնտեղ քննարկում են՝ միանա՞ն, թե՞ չմիանան։ Պե՞տք է ունենայի զինվորականների հետ հանդիպո՞ւմ, թե՞ ոչ։ Եթե չունենայի, արդյոք այսօր ինձ պիտի դատեին անգործությա՞ն համար։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու մեջ։ Ցինիզմը չափեր պե՞տք է ունենա, թե՞ ոչ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ իր կողմից հրամանագրերի ստորագրման հարցում քննիչը չպետք է որոշի՝ հիմք կար, թե ոչ, քանի որ դա Սահմանադրության հարց է։

«Երբ ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել էր 45 հրկիզված մեքենա, մի քանի տասնյակ վիրավորում ստացած զինծառայող և մեկ մարդ՝ շատ ծանր, մահամերձ վիճակում»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու վերաբերյալ խոսակցություններին՝ Քոչարյանն ասաց, որ Սարգսյանն իր թեկնածուն չէր, այլ Հանրապետական կուսակցության թեկնածուն էր։

«Ես ՀՀԿ անդամ չեմ եղել, ՀՀԿ-ի գրասենյակում էլ չեմ եղել»,- ասաց նա։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել