Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞. Քոչարյան

Հուլիս 10,2026 11:46 Share

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը քննեց Քոչարյանի բացակայելու արգելքի և անձեռնմխելիության հարցի շրջանակներում ներկայացված միջնորդությունները։ Պաշտպան Արամ Օրբելյանը մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ նախագահն անձեռնմխելի է և լիազորությունների ժամկետի ավարտից հետո ևս չի կարող հետապնդվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

«Երեք խնդիր ունենք։ Առաջինը վերաբերում է անմեղության կանխավարկածին։ Չեք կարող մեղավորության վերաբերյալ եզրահանգումներ անել, քանի որ ցանկացած նման եզրահանգում հանգեցնելու է Սահմանադրության խախտման»,- ասաց Օրբելյանը:

Ըստ նրա՝ եթե դատարանն այս փուլում կիրառի այնպիսի չափանիշ, որով արձանագրի, թե «գործի նյութերից երևում է, որ Քոչարյանն առաջնորդվել է անձնական շահագրգռվածությամբ և դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից», ապա անմեղության կանխավարկածն արդեն խաթարված կլինի։

«Պետք չէ քննարկել, թե այդ գործողությունների նկարագիրն ինչպիսին է՝ լավ, թե վատ։ Դրանք ընդհանրապես չպետք է քննարկվեն։ Այն անձնական շահագրգռվածությունը, որը նկարագրվել է, իրականում ՀՀ նախագահի սահմանադրական պարտականությունն է՝ ապահովել սահմանադրական մարմինների բնականոն գործունեությունը»,- նշեց Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանին մեղսագրվող բոլոր գործողությունների առնչությամբ գործում է վերջինիս անձեռնմխելիության ռեժիմը։ Նա նաև ասաց, որ բարձրացնում են հարց, ըստ որի՝ այս վեճը սահմանադրաիրավական բնույթի վեճ է։

«Դատախազությունն ասում է՝ նախագահն ինչ գործողություններ է կատարել և որ իրավունք չուներ կատարել։ Մենք էլ արձանագրում ենք, որ դատախազությունը չունի նման լիազորություն և դրանով իսկ հանցագործություն է կատարում, երբ քրեադատավարական դաշտում գնահատական է տալիս երկրի նախագահի գործողություններին»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին Քոչարյանի ընդունած արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմանը՝ Օրբելյանն ասաց. «Դատախազությունը պնդում է, որ Քոչարյանն իր այդ հրամանագրով ապօրինի է սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Սա ամենակենտրոնական դատական խնդիրն է, որի մեջ դատախազությունը իրավունք չուներ մտնելու։ Դատախազությունը գործող, Ազգային ժողովի կողմից չվերացված իրավական ակտը որակում է ապօրինի»:

Օրբելյանը հիշեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները ուղղված Քոչարյանին՝ «սատկացնելու եմ», բայց դատարանը ընդհատեց՝ ասելով, որ թույլ չի տա որևէ պաշտոնյայի քաղաքական հայտարարություն հիշատակել:

«Հեչ քաղաքական չէ, կոնկրետ ինձ է վերաբերում»,- միջամտեց Քոչարյանը:

Ի պատասխան՝ նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը կրկնեց. «Քաղաքական հայտարարություններն արգելում եմ իմ դատական նիստերի դահլիճում հնչեցնել»։

Քոչարյանի պաշտպանն էլ հակադարձեց. «Քաղաքական հայտարարությունները, որոնք հնչել են 2008 թվականին, այս դատարանում նույնպես քննության առարկա չպետք է դառնան»։

Ռոբերտ Քոչարյանն էլ դատարանին դիմելով՝ հավելեց. «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել