Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե առաջ պատվերը SMS-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում՝ ես պետք է նստեմ». Ռոբերտ Քոչարյան

Հուլիս 10,2026 13:07 Share

«Այս ամենը համոզմունքով եմ ասում։ Չեմ կասկածում, որ սա պատվեր է։ Եթե առաջ այդ պատվերը SMS-ով էին ուղարկում, հիմա՝ հրապարակային։ Եվ սա քաղաքական խոսք չէ։ Շատ պարզ ու հրապարակային ասվում է, որ ես պետք է նստեմ»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը փորձեց համոզել Քոչարյանին, որ ինքը երբեք SMS չի ստացել և հավելեց. «Կամ վստահում եք դատարանին, դատարանից սպասում եք արդարադատություն, կամ չեք վստահում դատարանին և նիստը նախագահող դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն եք ներկայացնում։ Երրորդ տարբերակ չունենք»:

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց, որ երբ հնչում է հայտարարություն, թե դատավորների կեսը կաշառված են և որոշումները կայացնում են ոչ այնպես, ինչպես այդ մարդն է պատկերացնում արդարադատությունը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որևէ հայտարարություն չի անում, որ դա անթույլատրելի խոսույթ է։

«Դատախազությունը չի նկատում, ԲԴԽ-ն չի արձագանքում, մի քանի հարյուր դատավորից ոչ մեկն էլ հայտարարություն չի անում, չի ասում՝ «Ի՞նչ եք ասում»։ Ես ի՞նչ պետք է մտածեմ դատական համակարգի մասին։ Ու ես պետք է այս դատարանում արդարադատությո՞ւն փնտրեմ։ Սա քաղաքական հայտարարություն չէ, կոնկրետ մեղադրանք է։ Ես չեմ կարող սա չկապել այս գործընթացի հետ, ես գնահատում եմ դրա հետևանքները»,- ասաց Քոչարյանը։

Նիստը նախագահող դատավորը վստահեցրեց, որ այդ հայտարարություններն իր կողմից արդարադատության իրականացման վրա որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ։

«Եթե մի օր զգամ, որ որևէ հայտարարությամբ կաշկանդված եմ, այդ մասին կհայտարարեմ և ինքնաբացարկ կհայտնեմ։ Այս քրեական գործն իմ վարույթում գտնվող մյուս գործերից տարբերվում է միայն իր հերթական համարով, սակայն ունի որոշակի հանրային հնչեղություն»,- ասաց դատավորը։

Քոչարյանն էլ հարցրեց նիստը նախագահողին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ «դատավորների կեսը կաշառված են» հայտարարությունն իրեն չի՞ վերաբերում։

«Սա դատավորների ազնվության կանխավարկածի խախտում է»,- ասաց նա։

Նիստը նախագահող դատավորը պատասխանեց, որ չի կարող ամեն քաղաքական հայտարարությանն արձագանքել։

«Ի՞նչ պետք է անենք՝ մամուլի ասուլիս հրավիրե՞նք ու արձագանքե՞նք։ Պետք է զսպվածություն դրսևորենք քաղաքական ցանկացած հայտարարության դեպքում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել