Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք պատրաստվում նոր փոխքաղաքապետ ընտրել»․ Վարդան Ղուկասյանի փեսան շարունակում է պահել ինտրիգը

Հուլիս 10,2026 17:23 Share

Հունիսի 15-ին տեղի է ունենալու Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որից կարճ ժամանակ անց էլ Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի նորընտիր պատգամավորները կվերցնեն իրենց մանդատները։

Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները ստանձնած Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, որն «Ուժեղ Հայաստանի» խորհրդարան անցած 29 պատգամավորների շարքում է, մինչև օրս հստակ պատասխան չունի՝ կվերցնի՞ մանդատը, թե՞ ոչ։

Ու քանի դեռ այս հարցը քննարկման փուլում է, Գյումրին մնում է ինտրիգների կիզակետում․ տեղեկություններ են շրջանառվում, որ հունիսի 15-ին Գյումրու ավագանին կընտրի Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ, որն էլ Ավետիս Առաքելյանի փոխարեն կստանձնի քաղաքապետի պաշտոնակատարի պարտականությունները։ Ըստ շրջանառվող լուրերի, այս հարցը ներառվելու է օրակարգի լրացուցիչ հարցերի մեջ։ Նույնիսկ առաջին փոխքաղաքապետի թեկնածուների անուններ են հրապարակվում, օրինակ՝ Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանի, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի անունները։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանն (լուսանկարում) Aravot.am-ին տեղեկացրեց, որ արտահերթ նիստի օրակարգում նման հարց ներառված չէ, չեն պատրաստվում նոր փոխքաղաքապետ ընտրել։

Նկատենք, սակայն, որ Ավետիս Առաքելյանի անուն-ազգանունը «Ուժեղ Հայաստանի» ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկում չէ, նրա անունը շրջանառվում է այս քաղաքական ուժի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորների ցուցակում, թեև նա դեռ ժամանակ ունի մտածելու։

Հիշեցնենք, որ Ավետիս Առաքելյանի մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ամենաքննարկվողներից է այն պարզ պատճառով, որ սա կարող է լուրջ պատճառ դառնալ Գյումրիում իշխանափոխության․ Ավետիս Առաքելյանի պատգամավոր դառնալով՝ հնարավոր է ընդդիմությունը կորցնի իշխանությունը՝ այն զիջելով «Քաղաքացական պայմանագրին», որն արդեն իսկ հայտարարել է Գյումրիում հնարավորինս շուտ իշխանափոխություն անելու մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել