Խորհրդարան անցած ընդդիմադիր երկու քաղաքական ուժերն արդեն իսկ հայտարարեցին պատգամավորական մանդատներից չհրաժարվելու մասին, ավելին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն արդեն իսկ հրապարակեց իր պատգամավորների նախնական ցուցակը։
Եվ մինչ «Ուժեղ Հայաստանը» կհրապարակի իր պատգամավորների անուն-ազգանունները, ցուցակի 8-րդ համարը զբաղեցնող Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որն այս պահին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարն է, ծանր ընտրության մեջ է, կարելի է ասել՝ հայտնվել է երկու քարի արանքում։
Մի կողմից նկատելի է, որ կա ցանկություն՝ որպես ընդդիմադիր պատգամավոր Ազգային ժողով մտնելու, մյուս կողմից էլ առկա է Գյումրու քաղաքային ընդդիմադիր ուժերի, մասնավորապես՝ Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի, անհամաձայնությունը։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանն այն քաղաքական կերպարն է, որն ամենաշատը քննադատության արժանացավ ՔՊ-ի կողմից՝ Վարդան Ղուկասյանին ձայն տալու համար։ Բացի այդ, նրա որդին այս պահին երկամսյա կալանքի տակ է, քանի որ Գյումրու կենտրոնում՝ «Հացատան» դիմաց, հնչել էին կրակոցներ․ Գրիգորյանների մտերիմ Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի որդին հաշիվ էր պահանջել Մարտուն Գրիգորյանի ավագ որդուց, թե ինչու է հայրը ձայն տվել Վարդան Ղուկասյանին, որի եղբորորդի Վահե Ղուկասյանը օրը ցերեկով սպանել է իր հորը՝ Շեկոյին։
Կարդացեք նաև
Ավետիս Առաքելյանի՝ մանդատ վերցնել-չվերցնելու հարցի շուրջ պաշտոնական արձագանք ընդդիմադիր ֆրակցիաների կողմից դեռ չկա, սակայն մեր տեղեկություններով՝ կուլիսների հետևում բավական թեժ քննարկումներ են ընթանում․ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է դարձել ընդդիմադիր 4 ուժերի համաձայնությամբ, որոնք լիարժեք իրավունք ունեն անհամաձայնություն հայտնելու քաղաքի կառավարման օրակարգից շեղվելու, այս դեպքում՝ քաղաքային ղեկից հրաժարվելու ու պատգամավոր դառնալու հարցում։
Վարդան Ղուկասյանը կալանավորված է, իսկ օրինական ճանապարհով ընտրված ու ընդդիմադիր ուժերի կողմից կառավարվող Գյումրու քաղաքային իշխանությունը՝ վտանգված, անընդմեջ հնչում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմակիցների հայտարարությունները, սպառնալիք-երազանքները՝ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու, իշխանափոխություն իրականացնելու մասին։
Aravot.am-ը Ավետիս Առաքելյանից այսօր մեկ անգամ ևս հետաքրքրվեց, թե վերցնելո՞ւ է մանդատը, նա անորոշ պատասխան տվեց՝ ասելով՝ դեռ վերջնական որոշում չունի։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ եթե նա վերցնի մանդատը, Գյումրու ընդդիմադիր իշխանությունը կփլուզվի։
«Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը կողմնորոշված չէ Ազգային ժողովի պատգամավորական մանդատը վերցնելու հարցի շուրջ, բայց մենք մոռանում ենք այն փաստն ու հանգամանքը, որ Վարդան Ղուկասյանն անցած տարի «Կոմունիստական կուսակցության» լոգոյով է եկել իշխանության։ Այդ փաստն արդեն անցել է պատմության գիրկը, որովհետև նույն Վարդան Ղուկասյանը, նաև իր փեսան, ակտիվորեն այս Ազգային ժողովի ընտրություններում մասնակցելով «Ուժեղ Հայաստանի» թիմից, լրիվ ցույց տվեցին, որ քաղաքի տեր ու տիրականը «Ուժեղ Հայաստանն է»։ Հետևաբար ոչ թե Վարդան Ղուկասյանը կամ Ավետիս Առաքելյանը պետք է որոշեն՝ մանդատը վերցնեն, թե չէ, այլ դա ավելի շատ կոնսենսուսային որոշում պետք է լինի։
Սամվել և Նարեկ Կարապետյանները ևս պետք է իրենց դաբրոն տան, որովհետև փաստացի Գյումրու քաղաքապետի պաշտոնն «Ուժեղ Հայաստանի» ձեռքում է գտնվում։
Եվ շատ մեծ խնդիրներ կառաջանան, եթե «Ուժեղ Հայաստանն» այս մանդատը տա Ավետիս Առաքելյանին, ու Գյումրիում առաջանա մեկշաբաթյա անիշխանություն։
Այն, որ Նիկոլն ու քայլիստներն ամեն ինչ կօգտագործեն իշխանությունը Գյումրիում զավթելու համար, այս դեպքում ավելի դյուրին կլինի, որովհետև մեկշաբաթյա անիշխանության ժամանակ արդեն ոչ թե ավագանու նիստ հրավիր-չհրավիրելու խնդիր կլինի, այլ Գյումրու առաջին փոխքաղաքապետի ընտրության հարց կլինի։
Ի դեպ, նշեմ նաև, որ «Կոմունիստական կուսակցության» լոգոյով քաղաքապետի ընտրությանը մասնակցող Վարդան Ղուկասյանը բազմիցս է հայտարարել, որ ինքն իր փեսային առաջին փոխքաղաքապետ է նշանակում ֆորսմաժորային իրավիճակներում Գյումրիում իշխանությունը չկորցնելու համար։ Իսկ հիմա իր փեսան մտածում է Ազգային ժողովի պատգամավորի մանդատ վերցնելու ուղղությամբ, որը շատ տարօրինակ է։
Խնդիրն այն է, որ մյուս բոլոր ընդդիմադիր քաղաքական ֆրակցիաները՝ Մարտուն Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի, Կարեն Սիմոնյանի, իրենց ձայները տվել են Վարդան Ղուկասյանին, այս դեպքում նաև նրա փեսային, բայց փաստացի որևէ պաշտոն չեն վերցրել, ու Գյումրու քաղաքապետարանը միանձնյա ղեկավարվում է Վարդան Ղուկասյանի ու իր թիմի կողմից։
Ու շատ զարմանալի է, որ Վարդան Ղուկասյանի փեսան մտածում է փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարվել ու գնալ Ազգային ժողով։ Դա 99 տոկոսով նշանակում է սկուտեղի վրա քաղաքը նվիրել ՔՊ-ին։
Չնայած ՔՊ-ն ամեն ինչ ձեռնարկելու է, որ քաղաքապետի պաշտոնը ուզուրպացնի, գրավի, բայց այդ ամենը չպիտի վհատեցնի ընդդիմությանը, և ընդդիմությունը միասնաբար պետք է պայքարի այդ ծրագիրը Նիկոլին թույլ չտալու համար։ Իսկ փոխքաղաքապետի գնալը Ազգային ժողով ավելի կհեշտացնի այդ գործընթացը»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































