«Նախկին երեք նախագահների ժամանակահատվածում Հայաստանը արևմտյան երկրների և ՌԴ-ի միջև մանրադրամի դեր չէր կատարում»,- Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ փորձելով բացատրել, թե ի՞նչ տարբերություն կա նախկին իշխանությունների ժամանակ Հայաստանում քաղաքական բռնաճնշումների և հիմա կատարվող բռնաճնշումների միջև։
Քաղաքագետի գնահատմամբ՝ նախկինում Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն էր վարում, և ՀՀ նախկին իշխանությունները, եթե ցանկանային էլ, չէին կարող զանգվածային բռնաճնշումներ իրականացնել, քանի որ կային զսպող մեխանիզմներ՝ ի դեմս արևմտյան կառույցների։ 2018-ի արդյունքում այդ կառույցները իշխանության մաս են կամ սատարում են իշխանությանը։ Այն զանգվածային բռնաճնշումները, որոնք իրականացվում են այժմ, քաղաքագետի վերլուծությամբ, իրականացվում են արևմտյան կառույցների սատարումով և խրախուսմամբ, քանի որ իրենք ունեն ՌԴ-ի հետ հակամարտություն, և Հայաստանը այս խաղում դարձրել են մանրադրամ։
Հիշեցնում է՝ նախընտրական արշավում երկրի գործող ղեկավարը հայտարարում էր, որ պատրաստվում է «սպանել և ձերբակալել» իր մրցակիցներին, հայտարարում է, որ իր մրցակից քաղաքական ուժերն ընտրակաշառք բաժանողներ են, և փաստում՝ այս բառապաշարը նացիստական և բոլշևիկյան բառապաշար է։
«Զսպող մեխանիզմներ չկան, հասարակությունն անպաշտպան է մնացել, և ցանկացած օր, ցանկացած ժամ յուրաքանչյուրը կարող է ձերբակալվել և կալանավորվել»,- կարծում է քաղաքագետը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































