Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի մասնակցությամբ գիտնականներին հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել Երկրի շուրջ տարածաժամանակային քարշի երևույթը. արբանյակների տվյալների վերլուծության արդյունքները՝ Nature գիտական ամսագրում

Հուլիս 14,2026 15:23 Share

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի մասնակցությամբ՝ հեղինակավոր Nature գիտական ամսագրի հիմնական համարում հրապարակվել է «LARES-2 satellite measures frame-dragging effect around the Earth» («LARES-2 արբանյակը չափում է Երկրի շուրջ տարածաժամանակային քարշի երևույթը») հոդվածը։

Հոդվածի համահեղինակների թվում է ԱԱԳԼ Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը։ Կենտրոնը ներգրավված է Իտալական տիեզերական գործակալության (ASI) և Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և մի շարք առաջատար գիտական կենտրոնների համագործակցությամբ իրականացվող LARES արբանյակային ծրագրում։ Վերջինիս շրջանակում 2022 թվականին տիեզերք է արձակվել LARES-2 արբանյակը։

Հոդվածում ներկայացված են LARES-2, ինչպես նաև LAGEOS և GRACE արբանյակների տվյալների վերլուծության արդյունքները, որոնց հիման վրա գիտնականներին հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի (frame-dragging) երևույթը։

Այս երևույթը կանխատեսվել է Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ և նկարագրում է, թե ինչպես է զանգված ունեցող մարմինը, տվյալ դեպքում՝ Երկիրը, պտտվելիս ազդում իր շուրջը գտնվող տարածաժամանակային «ցանցի» կառուցվածքի վրա։

Հետազոտության արդյունքները հաստատում են հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումները Երկրի մերձակայքում՝ նախորդ չափումների համեմատ ապահովելով մոտ 10 անգամ ավելի մեծ ճշգրտություն։

Բացի հիմնարար ֆիզիկայի ոլորտում ունեցած նշանակությունից, հետազոտությունը կարևոր կիրառական նշանակություն ունի նաև Երկրի գրավիտացիոն դաշտի և մակընթացային երևույթների առավել ճշգրիտ ուսումնասիրման համար։

Հետազոտությունն արժանացել է միջազգային գիտական և գիտահանրամատչելի մամուլի լայն ուշադրությանը։ Դրանց անդրադարձել է նաև հեղինակավոր Scientific American գիտահանրամատչելի հանդեսը՝ «The Earth is dragging spacetime around its orbit, just as Einstein predicted» վերնագրով հոդվածում՝ ներկայացնելով LARES-2 առաքելության միջոցով իրականացված չափումները որպես տարածաժամանակային ցանցի քաշման երևույթի մինչ օրս ամենաճշգրիտ չափումներից մեկը։ Անդրադարձ են կատարել նաև Ars Technica գիտատեխնիկական հարթակը, իտալական Rai Radio 3 և MeteoWeb լրատվականները, ՌԴ ТАСС լրատվական գործակալությունը և միջազգային այլ լրատվամիջոցներ:

Լուսանկարը՝ LARES թիմը արբանյակի արձակումից անմիջապես հետո։ Ձախից աջ՝ Մացներ, Գուրզադյան, Չուֆոլինի, Պաոլոցցի (Matzner, Gurzadyan, Ciufolini, Paolozzi)։ Եվրոպական տիեզերական գործակալության կայան, Կուրու, Ֆրանսիական Գվիանա, 2022 թ.

Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերին Nature Partner Journals – Heritage Science հեղինակավոր ամսագրում լույս են տեսել նաև պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և պատմ․ գիտ․ դոկտոր Արսեն Բոբոխյանի համահեղինակած գիտական հոդվածը, որը նվիրված էր Հայկական լեռնաշխարհի մշակութային բացառիկ ֆենոմեններից մեկի՝ վիշապաքար կոչվող քարակոթողների ուսումնասիրությանը․ հետազոտությունը լայն տարածում էր ստացել նաև միջազգային մամուլում։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել