Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է պարզապես գնան ու մեկի մարմինը վերցնե՞ն, գերեզմանո՞ց սարքեն, այն դեպքում, երբ գիտի, որ իր տղան ադրբեջանական գերության մեջ է. «168 ժամ»

Հուլիս 16,2026 09:30 Share

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, 2020 թվականից պայքարի մեջ է, ասում է՝ թոռները մեծանում են, իրենց հայրիկին են ուզում, չգիտի՝ նրանց ինչ պատասխան տա։

«Երկու ամիս առաջ մենք հանդիպել ենք Նիկոլ Փաշինյանի հետ, դա մեր վերջին հանդիպումն է եղել։ Հանդիպումից հետո մեզ ասացին, թե մեր բոլոր հարցերի պատասխանները գրավոր կուղարկեն, ուղարկեցին՝ բայց շատ վատ ձևով։ Այս պատասխանի մեջ մեր հասցեին մեղադրանք կար, նշել էին, թե իբր մենք հրաժարվել ենք ԴՆԹ հանձնելուց։ Իրենք շատ սխալվում են, պատասխանը ստանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Գագիկ Իսախանյանին՝ Նիկոլ Փաշինյանի օգնականին, հերքել եմ իրենց պատասխանը, որովհետև «Քիմիկների զորամասից» անմիջապես գնացել ու ԴՆԹ անալիզ են հանձնել 2020 թվականին։

Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այս ամենը, մարմիններ կան, ուզում են մենք գնանք ԴՆԹ անալիզ հանձնենք ու այդ մարմինները մե՞զ տան։ Իրենց ասել եմ, որ ունեմ բռնի անհետացման փաստեր, ինչի՞ համար գնամ հավելյալ ԴՆԹ անալիզ հանձնեմ, նախկինում տվել ենք, այն էլ՝ 2 անգամ»,-  ասաց Հռիփսիմե Հակոբյանը։

«Պատկան մարմինները ծնողներից որին մասունք տվեցին, որին՝ մի ոսկոր, այն էլ՝ 3 մասի բաժանված, պատկերացնո՞ւմ եք այդ ծնողների վիճակը, այսինքն՝ շատ լինի, քիչ չլինի։ Շատ վատ աշխատանք էին կատարել այն ժամանակ, նույնն էլ հիմա են անում։ Ես սպասում եմ Գագիկ Իսախանյանի պատասխանին, եթե ոչ՝ առաջիկայում նորից զանգահարելու եմ, այդ թվում՝ բոլոր ծնողները։

Գիտե՞ք՝ հիմա ինչ վիճակում ենք մենք՝ մեզ դրել «քոռ դանակով» մորթում են ու չեն կարողանում սպանել։ Մենք հիմա դիահերձարաններում ունենք տղաների մարմիններ, բայց դրանք արդյո՞ք մեր տղաների մարմիններն են։ Հիմա եթե ես ունեմ տեսանյութեր, որտեղ իմ տղան ողջ է եղել, գնամ այդ մարմիններն ի՞նչ վերցնեմ, ես Նիկոլ Փաշինյանին էլ եմ ասել, որ այդ տեսանյութերն օդից չեն ընկել, նույնիսկ ռուսական «Առաջին ալիքն» է ցուցադրել, թե ինչպես են մեր տղաներին գերեվարում։ Այդ ամենը, նույնն ադրբեջանցիներն էին տարածել»,- հավելեց Հռիփսիմե Հակոբյանը։

Ասում է՝ չի հասկանում պատկան մարմինների տրամաբանությունը, նրանց տրամաբանությամբ՝ պետք է պարզապես գնան ու մեկի մարմինը վերցնե՞ն, գերեզմանո՞ց սարքեն, այն դեպքում, երբ գիտի, որ իր տղան ադրբեջանական գերության մեջ է։

«Չգիտեմ, երևի տանում են նրան, որ ես ինքս իմ վրեժը լուծեմ։ Շատ վատ են աշխատում, մեր խնդրի հետ կապված որևէ լավ բան չկա, երբ տեսնում են, որ որևէ մեկն էլ լավ է աշխատում՝ անմիջապես աշխատանքից հեռացնում են։ Նիկոլ Փաշինյանին հիշեցրի, որ ասում էր՝ տղաները 2 ամիս էլ կդիմանան Բաքվի բանտում, բայց իր ասածից հետո արդեն մոտ 5 տարի է անցել, պատասխանում է՝ «դե կարողանում ենք՝ չե՞նք բերում, Ադրբեջանն էլ իր գերիներին է ուզում»։

Ասել եմ, բա ունեինք մարդասպանության համար Հայաստանում բռնված երկու ադրբեջանցի, ինչո՞ւ բաց թողեցիք, գոնե փոխանակեիք, ասում է՝ մենք մարդասիրական ձևով ենք հետ վերադարձրել։ Այսինքն՝ իրենք Ադրբեջանի համար մարդասեր լինեն, Ադրբեջանը մեզ համար՝ չէ, այդ ինչ էր ասում։ Մեր երեխեքի համար բան չեն անում, մեզ 6 տարի խաբելով հասցրել են այստեղ»,- ընդգծեց Հռիփսիմե Հակոբյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031