Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիասյան. «5 միլիարդի պարգևավճարները հետընտրական ցինիզմի հերթական դրսևորումն են»

Հուլիս 17,2026 14:55 Share

«Սա հետընտրական հերթական ցինիզմի դրսևորումն է։ Փոխանակ մտածեն գյուղատնտեսական ճգնաժամի մեջ գտնվող գյուղացու համար օր առաջ նոր շուկաներ գտնելու կամ ռուսական շուկայի հետ կապված ճգնաժամը կարգավորելու մասին, պետական հատվածին փող են բաժանում։ Ես դեմ չեմ, որ մարդիկ հավելյալ եկամուտ ունենան, առանց այն էլ կյանքը թանկացել է, բայց այս պայմաններում այդ ծախսը համարում եմ ոչ տեղին, ոչ արդարացված և ընդգծված մարտահրավեր հասարակությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով կառավարության՝ երեկ չզեկուցվող հարցով ընդունած որոշմանը, որով պահուստային ֆոնդից 5 մլրդ դրամ է հատկացվել պետական կառավարման համակարգի աշխատակիցների պարգևատրման նպատակով։

Սուքիասյանի խոսքով՝ ընտրություններից հետո ում թոշակը 10 հազար դրամով բարձրացել էր, բայց «Փարոս» էր ստանում, դա էլ են կտրել. «Այդ նախընտրական թոզփչոցիից հետո առողջապահական ապահովագրությունն էլ փուլ առ փուլ անցնում է համավճարի տարբերակի, հունվարի 1-ից թանկանալու են ակցիզային ապրանքներն ու վառելիքը։ Այդ նախընտրական խաբկանքները, որոնց միջոցով այս իշխանությունները կարողացան հասարակության մի ստվար շերտին մոլորեցնել և քվե կորզել, այսօր բումերանգի նման հարվածում են թե՛ քաղաքացիների գրպանին, թե՛ արժանապատվությանը։ Գործ ունենք դասական, միջին վիճակագրական նիկոլական, ՔՊ-ական վարքագծի հետ։ Ուղղակի զարմանում եմ, թե որքան կարող է հասարակության մի հատված շարունակ խաբվել այդ մարդուց և դեռևս պատրանքներ ունենալ նրա նկատմամբ»:

Անդրադառնալով կառավարության այն հիմնավորմանը, թե պարգևատրումներն իրականացվում են հանրային ծառայողների մոտիվացիան բարձրացնելու և պետական կառավարման արդյունավետությունն ավելացնելու նպատակով, Սուքիասյանը հավելեց.«Սա դեմագոգիայի ժանրից է։ Եթե ուզում ես մարդկանց մոտիվացիան բարձրացնել և խրախուսել, աշխատավարձերը բարձրացրու։ Ինչո՞ւ ես պարգևավճար տալիս։ Թող մարդիկ օրենքով սահմանված կարգով ստանան ավելի բարձր աշխատավարձ։ Բայց ոչ, դա նենգաբար անում են պարգևավճարների միջոցով, որպեսզի այդ մարդկանց վրա լավություն վաճառեն և նրանց լոյալությունը ձեռք բերեն։ Իրենք էլ են հասկանում, որ առաջիկայում կարող են բարդ գործընթացներ լինել, և փորձում են ֆինանսական խրախուսմամբ մարդկանց լոյալությունը ապահովել։ Իրենց ներկայացրած բոլոր բացատրությունները՝ այս ֆինանսական ծախսերի վերաբերյալ, անարժանահավատ չեն»։

Մեր դիտարկմանը, որ երեկ Երևանի բակերից մեկում հավաքարարը քաղաքապետ Տիգրան Ավինյանին դժգոհում էր ցածր աշխատավարձից, և այդ աշխատակիցները նույնպես մոտիվացիայի կարիք ունեն, ինչո՞ւ նրանց չեն պարգևատրում, Սուքիասյանը պատասխանեց.

«Ֆինանսների մսխումը և սոցիալապես առավել կարիքավոր մարդկանց խնդիրների անտեսումը մշտապես եղել են այս իշխանության ամենաթույլ կողմերից։ Սրանք դասական փող վատնողներ են։ Պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող այդ անխնա, շռայլ ծախսերն էլ մարդկանց մոտ կոռուպցիոն կասկածներ են առաջացնում»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել