Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի խումբ վկաներ առհասարակ չգիտեին, թե սա ինչ գործ է և  իրենք ինչու էին եկել դատարան»․ Արամայիս Հայրապետյանը՝ Վարդան Ղուկասյանի գործի մասին

Հուլիս 17,2026 17:45 Share

Ինչպես հայտնի է՝ այսօր հակակոռուպցիոն դատարանը ենթադրյալ կաշառքի գործով փոխեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը, նրան երեքամսյա ժամկետով տնային կալանքի ենթարկեց՝ 15 միլիոն դրամ գրավ կիրառելով։

Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոր խափանման միջոցին՝ դարձյալ համոզմունք հայտնեց, որ իրենց միջնորդած վարչական հսկողությունը տվյալ դեպքում բավարար էր։ Իսկ հիմա Վարդան Ղուկասյանը խիստ սահմանափակումների տակ է՝ զրկված հանրային խոսքից, լրագրողների հետ շփումից, տեսակցություններից, հյուրեր ընդունելու հնարավորությունից, հեռախոսազրույցներից, նամակագրություններից։

«Ազատությունից զրկման մի տեսակը ընդամենը փոխվեց մեկ այլ տեսակով», – ասաց պաշտպանը։

Անդրադառնալով դատական պրոցեսին ու 16 վկաների հարցաքննությանը՝ նա նշեց, որ մի խումբ վկաներ առհասարակ չգիտեին, թե սա ինչ գործ է և իրենք ինչու էին եկել դատարան։ Ըստ նրա, այսօր վկա Հմայակ Գարեգինյանի հարցաքննությունը ապացուցեց այն, որ գործընթացն օրենքին համապատասխան պիտի կատարվեր, այսինքն՝ գործարար Սևակ Գոմցյանը ինքնակամ շինությունը պիտի քանդեր ու նորից սարքեր։

«Սևակ Գոմցյանը դա պետք է քանդեր, այս գործի մեխը հենց դա էր՝ Սևակ Գոմցյանը դա պետք է քանդե՞ր, թե՞ ոչ։ Եթե Սևակ Գոմցյանը պիտի քանդեր, կաշառքի մասին պնդումներն առհասարակ տրամաբանությունից զուրկ են դառնում ու մինչև հիմա ապացուցվում է և էլի կապացուցվի, որ Սևակ Գոմցյանը պետք է քանդեր, այլընտրանք չուներ։

Այ, որ հետագայում մենք փաստաթղթային որոշակի ապացույցներ կհետազոտենք ու կերևա, թե որ կառույցը ինչպիսին պետք է լիներ, դուք կտեսնեք, որ ուզեր, չուզեր պետք է քանդեր»,-ասաց Արամայիս Հայրապետյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել