Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ որպես պատիժ սահմանեց մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ առանց բնակության վայրի փոփոխության։
Լրագրող Լիլիթ Աղեկյանը, որի նկատմամբ հուլիսի 14-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որպես պատիժ սահմանեց մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ առանց բնակության վայրի փոփոխության, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես մեղադրվում եմ նրա համար, որ համարձակվել եմ լրագրողական հետաքննություն անել և բացահայտել, որ Գյումրու Մուսայելյան 84 հասցեի նախակրթարանի շենքը զավթված է, օկուպացված է ոստիկանական ընտանիքի կողմից, և 35 տարի շարունակ որևէ մեկը չի հանդգնել այդ շենքն ազատել ու տալ գյումրեցի երեխաներին, որոնք այսօր տնակային նախակրթարան են հաճախում։ Եվ այդ ոստիկանական ընտանիքին ոչ մեկը չի ասել՝ գնացեք ձեր ուղղությամբ, որովհետև դուք նույնիսկ անօթևան չեք երկրաշարժից հետո։
Ես հանդգնել եմ դա բացահայտել, հրապարակումներ եմ արել դրա վերաբերյալ, այդ գործով ես ճանաչվել եմ տուժող, որովհետև շենք այցելելու ու լուսանկարելու ժամանակ ինձ վրա հարձակում է եղել ոստիկանական ընտանիքի կանանց կողմից, նույնիսկ ձեռքերը դրել էին կոկորդիս։
Եվ սա դասական օրինակ է, թե ինչպես տուժողը կարող է դառնալ մեղադրյալ։
Կարդացեք նաև
Ի՞նչ տեղի ունեցավ․ ինձ՝ տուժողիս, 2024 թվականին փորձեցին բերման ենթարկել՝ առերեսման տանելու համար․ մեր տուն ներխուժեցին ոստիկանները՝ երկու ոստիկանական խմբով, Սեթ Մելիքսեթյանի գլխավորությամբ, որոնց ես հիմնավորեցի, որ ես ինքս շահագրգիռ կողմ եմ, պատրաստ եմ գալ առերեսման՝ միայն իմ փաստաբանի ներկայությամբ, բայց իրենք շարունակեցին բիրտ գործողությունները մեր բնակարանում։
Եվ ես իբրև ծաղրել եմ Սեթ Մելիքսեթյանին, որը եկել էր մեր բնակարանում ինձ ու իմ մորը ծաղրելու, ինսուլտի հասցնելու, ու մինչև բժշկական խումբ չեկավ ու չարձանագրեց, որ իմ 77-ամյա մոր ճնշումը բարձրացել է, իմը՝ ևս, ոստիկանական խումբը չհեռացավ։ Եվ իբր այդ գործողության ժամանակ ես արել եմ արտահայտություններ, որոնցից ինքը ազդվել է, և երկու օր անց այդ դեպքից հետո՝ 2024 թվականի օգոստոսի 24-ին, հաղորդում է ներկայացրել իմ դեմ։
Այդ հաղորդմանը, սակայն, ընթացք են տվել 9 ամիս անց, երբ ինձ ազատազրկեցին լրագրողական հերթական բացահայտման հետևանքով, և երբ ես Աբովյան քրեակատարողական հիմնարկում էի գտնվում»,- ասաց Լիլիթ Աղեկյանը։
Նա ասում է՝ ինքը ոչինչ չի արել, բացահայտել է փաստ, փաստաթղթերով հետաքննություն անցկացրել, որի հետևից, սակայն, իրավապահ համակարգը չի գնացել։
«Դատախազը երկու ամիս կալանք էր պահանջում, չգիտես ինչի համար, որ ասել եմ՝ պետություն, գնացեք զբաղվեք, շնորհակալության տե՞ղն էր դա։
Իրենք չեն զբաղվում խնդրով, զբաղվում են խնդիրը բացահայտողով, որը փորձել է իրենց անդորրը, ես ասում եմ՝ կոռուպցիոն անդորրը խանգարել»,- ասում է Լիլիթ Աղեկյանը։
Դատարանի վճիռը Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը բողոքարկելու է։ Աղեկյանն ասում է՝ պարզ չէ, թե ինչ է ենթադրում մեկ տարով ազատության սահմանափակումը, քանի որ վերդիկտում չկան հիմնավորումներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































