Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք». Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը

Հուլիս 14,2026 23:00 Share

2026 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ։ Դատարանը նշանակել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ պրոբացիոն վերահսկողության ներքո, որի ընթացքում դատապարտյալին արգելվել է առանց իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը։

ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը ներկայումս դարձել է իշխանությունների «մահակ»՝ ուղղված խոսքի ազատության սահմանափակմանը։

Այս դատական ակտը, որը հիմնված է օրենքի կոպիտ խախտումների վրա, չի ստանալու օրինական ուժ և պարտադիր բողոքարկվելու է վերադաս ատյանում։ Նման անարդարացի դատավճիռները լուրջ «սառեցնող էֆեկտ» են առաջացնում հասարակության մեջ՝ վախի մթնոլորտ ստեղծելով և լռեցնելով լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում։

Ուշագրավ է, որ Լիլիթ Աղեկյանի քրեական վարույթով տուժող ճանաչված ոստիկան Սեթ Մելիքսեթյանը իբրև տուժել է «մուսսոր» և «մենթ» բառերից։ Մինչդեռ, տուժող ճանաչվելուց հետո ոստիկանը ոչ միայն չի ցուցադրել տուժածին բնորոշ հոգեբանական ճնշվածություն, այլև, ընդհակառակը, ստացել է պաշտոնի և աշխատավարձի բարձրացում, ավելացրել ֆիզիկական քաշը և ձեռք բերել նախկինից առավել ինքնավստահություն։

Լիլիթ Աղեկյանի իրավական աջակցության թիմը շեշտում է, որ այս դատական ակտը խոսքի ազատության նկատմամբ անօրինական միջամտության հերթական դրսևորումն է և պատրաստվում է բոլոր իրավական միջոցներով պաշտպանել լրագրողի իրավունքները՝ հասնելով արդարության վերականգնմանը։

 

Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյան

14 հուլիս, 2026 թվական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել