«Երբ կարդացի տեղեկությունը դեպքի մասին, ես մեծ ցավ ապրեցի, որ մեր երեխային ոչ միայն տնազրկել են, հայրենազրկել են, զրկել են իր մանկությունից, տնից ու հիշողություններից, այլև արգելել են դրա մասին երազել, նկարել։ Դա ինձ հիշեցրեց հայի կարգավիճակը Օսմանյան Թուրքիայում, երբ նրանց արգելված էր խոսել ու երգել հայերեն, հայկական կենցաղ վարել, ստիպված պարտավոր էին թուրքական ֆեսեր կրել։ Մտքով տեղափոխվեցի այնտեղ։ Պատկերացրի փոքրիկ Եվայի ապրումները»,- Aravot.am-ին ասաց հասարակական գործիչ Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենի ժ/պ-ն ցուցադրությունից հանել էր 10-ամյա Եվայի նկարը՝ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը՝ այն որակելով «հակապետական քայլ»։
Նա պատմեց, որ դեպքից հետո կապվել է երեխայի հոր հետ, խնդրել երեխայի «հակապետական» որակված նկարը ցույց տալ և երեխային օգնելու համար որոշել աճուրդ կազմակերպել։
Ըստ նրա՝ նկարի աճուրդը կշարունակվի ևս երկու օր՝ մինչև չորեքշաբթի երեկոյան ժամը 22:00-ն։ Արժեքը հասել է 1000 դոլարի։ Մեկը արձագանքել է 4400 դոլարով։ Հակոբյանն ասաց՝ փորձում է կապվել այդ անձի հետ, որպեսզի հստակեցնի, որ կատակ չէ, ֆեյք չէ և իրական անձ է այդ գումարն առաջարկողը։
«Մի երեխայի նկարի պատմությունը բոլորի մոտ զանգի նման խփեց, թե ինչ է սպասվում մեզ լռելու պարագայում։ Մանավանդ հենց այս դեպքի հաջորդ օրը ահազանգ ստացանք Սյունիքից, որ երեխային արգելել են հանդեսին ոտանավոր ասել, որի մեջ «Արարատ» թե «Արցախ» բառը կար՝ նույն կոնտեքստի մեջ»,- ասաց Հակոբյանը։
Ըստ նրա՝ երեխայի նկարի ցավալի պատմությունից բացի, իր համար նույնքան ցավ էր, երբ տեսավ երեխայի նկարը «հակապետական» որակած տնօրենի նկարն ու կենսագրությունը. «Մտածում էի՝ զառամյալ մարդ պետք է լինի, Ստալինի սերնդից մնացած, որի համար այս կարգի բաները նորմալ են։ Պարզվեց՝ երիտասարդ տարիքի է և, կարծես թե, ժողովրդական երգեր կատարող է, տարազով և այլն։
Մի՞թե չի հասկանում այդ երիտասարդը, որ շուտով իր երգերն ու երգացանկերն են հայտարարելու հակապետական։ Եթե Արցախի մասին երազելը հակապետական է, Արցախի մասին երգելը ինչո՞վ հակապետական չէ։ Թե՞ այլևս Հեքիմյանի «Ղարաբաղցին» չի երգելու, մոնտաժով հանել են «Արցախ» բառը։ Մի օր իրեն էլ են ասելու՝ պահիր բերանդ ու չերգես. հայրենատիրական կամ հայրենասիրական բառ կամ տեքստ կա։
Այդ երիտասարդն այս մեղքը քավելու մի ձև ունի՝ ներողություն խնդրի երեխայից ու հրաժարական տա»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































