Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետքերով
«Երեխան շատ վատ ապրումներ ունեցավ․․․ մենք էլ բացատրեցինք, որ շատ ուժեղ ուսուցիչ ունես, շատ հայրենասեր, որը թույլ չտվեց, որ քո նկարը չցուցադրվի»,- արցախցի 10-ամյա աղջնակի մայրը՝ անգլերենի ուսուցչուհի, այժմ տնային տնտեսուհի Անուշ Դանիելյանն է պատմում։
Միջադեպը տեղի էր ունեցել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն այսօր ահազանգել էր․ «Ցուցահանդես-մրցույթի ընթացքում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մրցույթի աշխատանքների տաղավարից հեռացրել է աշակերտներից մեկի ձեռքով նկարված աշխատանքը, որում պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանը, այն որակելով «հակապետական քայլ»։
Ուսուցչուհին, որն ազատվել է աշխատանքից, չցանկացավ միջադեպի մասին հարցազրույց տալ։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Անուշը որոշ մանրամասներ պատմեց։ Իրենց հետ զրույցում ուսուցչուհին պարզաբանել է՝ իրեն աշխատանքից ոչ թե ազատել են, այլ ինքն է դուրս եկել։ «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում։ Ես այդ երեխային ո՞նց բացատրեմ, ո՞նց ասեմ՝ քո հայրենիքի սիմվոլը մի նկարիր, երբ երեխայի գլխում եւ սրտում դա է, դրա համար էլ նկարել է»,- ծնողներին ասել է նա։
Դեպքը եղել է այսպես․ երեկոյան նախապատրաստական աշխատանքներն ուսուցչուհին ավարտում է եւ գնում տուն։ Առավոտյան կանուխ զանգահարում են, թե երեխաներից մեկի աշխատանքը չկա։ Գալիս է դպրոց եւ պարզվում է՝ տնօրենն է պոկել-տարել։ Դպրոցի տնօրենի հետ զրույցի արդյունքում, նրա սենյակից «մի քիչ էլ զոռով» ուսուցչուհին վերցնում է նկարը եւ այն փակցնում նախկին տեղում։
Ուսուցչի համառությունը հաղթում է, նկարը ցուցահանդեսում ցուցադրվում է, իսկ 10-ամյա արցախցի աղջնակն այլեւս այդ դպրոցում չի ուսանի։ Քանի որ, ըստ մասնագետների, լավ տվյալներ ունի, ծնողներն այլ դպրոց կտեղափոխեն երեխային։ Կատարվածը լակմուսի թուղթ է դարձել։
«Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Գեւորգյանի հետ խոսել չհաջողվեց։ Մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական գրություն էր հասցեագրել Երևանի քաղաքապետարանին։ Ի պատասխան՝ քաղաքապետարանը ներկայացրել է «Ա. Տեր-Ղևոնդյանի անվան հ. 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի գրավոր պարզաբանումը՝ առանց դեպքի վերաբերյալ սեփական գնահատականը ներկայացնելու։
Տնօրենի բացատրությունը, թե նկարը հանվել է պատից բացառապես ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով (քանի որ այն փակցվել էր առանց տնօրինության հետ նախնական համաձայնեցման), ՀԿ-ի նախագահ Ապրես Մարգարյանը հիմնավոր չի համարում․ «Ցուցադրված աշխատանքը համապատասխանում էր մրցույթի ընդհանուր թեմատիկային, և հեռացվել է հենց միայն Արցախի հուշարձանը պատկերող նկարը, ինչը հարցեր է առաջացնում որոշման իրական դրդապատճառների վերաբերյալ։ Նշանակալից է նաև, որ տնօրենի ներկայացրած պարզաբանման մեջ հուշարձանի պաշտոնական անվան («Մենք ենք մեր սարերը») փոխարեն օգտագործվել է «Տատիկների, պապիկների պատկերը» ձևակերպումը, ինչը դժվար է դիտարկել որպես պատահական լեզվական վրիպում՝ հատկապես կրթական հաստատության ղեկավարի պաշտոնական տեքստում»։
Երեխայի ծնողներն էլ են տարակուսած միջադեպից։ «Շատ վատ բաներ է հուշում այս ամենը․ փորձում են ջնջել մեր հայրենիքը մեր հիշողությունից։ Պետական մաշտաբով Արցախից հրաժարվում են, անգամ հիշողություններն են փորձում ջնջել»,-ասաց Անուշ Դանիելյանը՝ հավելելով, որ չի ստացվելու ու նաեւ այն պատճառով, որ նման պատվախնդիր ուսուցիչներ կան մեր կրթական համակարգում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































