Գյումրու 1-ին փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստանի» քաղաքական ուժի պատգամավորական մանդատից։
Այսօր լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ այս հարցը քննարկել է թե՛ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և թե՛ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ ու եկել այն եզրահանգման, որ տվյալ դեպքում պետք չէ գնալ խորհրդարան, քանի որ Գյումրին կարող է կոլապսի ենթարկվել։
«Առաջնահերթը Գյումրի քաղաքի ու գյումրեցիների շահերն են։ Կարող է այնպես պատահեր, որ կոլապսի ենթարկվեր քաղաքը, իսկ դա անընդունելի է և՛ ինձ համար և՛ մեր քաղաքական թիմի համար»,-ասաց Ավետիս Առաքելյանը։
Նա նշեց, որ մանդատից հրաժարվելը արդեն իսկ փաստում է, որ իրենց ու ՔՊ-ականների միջև չկա կուլիսային պայմանավորվածություն Գյումրու իշխանությունը ՔՊ-ին հանձնելու։
Կարդացեք նաև
Պատրա՞ստ եք պայքարի, որ չզիջեք Գյումրու իշխանությունը «Քաղաքացիական պայմանագրին», մեր այս հարցին՝ Ավետիս Առաքելյանը պատասխանեց․ «Մեզ համար ո՛չ պաշտոնակռիվ է, ո՛չ աթոռակռիվ, այլ առաջնահերթը քաղաքի շահն է, քաղաքացիների շահն է, Հայաստանի Հանրապետության շահն է։
Մենք այդ պայքարն ենք մղում, մենք չենք եկել, որ քաղաքապետի, փոխքաղաքապետի, պատգամավորի աթոռի կռիվ տանք, մեր տեսակը այդպիսին է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































