Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսուհետ հնարավոր է հեռահար ու առանց նոտարական վավերացման բնակարան գնել Հայաստանում»․ կառավարության նոր որոշումը

Հուլիս 23,2026 14:05 Share

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ հնարավոր է նորակառույցից բնակարան գնել առանց նոտարական վավերացման՝ կառավարության հաստատած օրինակելի ձեւին համապատասխան եւ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։

«Սահմանում ենք համապատասխան պայմանագրերի այն ձեւանմուշները, որոնցով հնարավոր է եռակողմ պայմանագիր կնքել հիփոթեքային վարկավորման տրամադրմամբ։ Եռակողմ ասելով՝ նկատի ունենք առաջնային շուկայում կառուցապատող, գնորդ եւ հիփոթեքային վարկ տրամադրող բանկեր։ Այսինքն՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կինտեգրվի այս ձեւանմուշը եւ թույլ կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ հեռահար կնքեն կամ վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար։ Եվ սեփականության իրավունքը կառուցապատողից կփոխանցվի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերողին»,- կառավարության նիստում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսպիսով, Հայաստանում գույք կարող է ձեռք բերել նաեւ ՀՀ-ում չգտնվող անձը։ Իսկ գործող կարգավորմամբ անձը պետք է կամ գտնվի ՀՀ-ում ու ֆիզիկապես այցելի նոտարին, կամ պետք է լիազորագիր տրամադրի որեւէ քաղաքացու, որը պետք է այցելի նոտարին՝ գործարքը կատարելու համար։

Սուրեն Թովմասյանի խոսքով՝ ներդրվում է նոր ինստիտուտ, որով առանց նոտարական վավերացման եռակողմ պայմանագիրը էլեկտրոնային համակարգում կնքվելուց հետո բանկի կողմից կներկայացվի իրավունքի պետական գրանցման։ Եվ սա հիմք կհանդիսանա, որպեսզի գնորդը, չայցելելով նոտար, կարողանա ՀՀ-ում հեռահար ձեռք բերել նոր բնակարան։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել