Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արմեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքում է լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Էրեբունու կրակոցների գործով ձերբակալվել է նաև իր եղբայրը՝ Գուրգեն Հակոբյանը։
«Ես եղբայր չունեմ, երկու քույր ունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Մեր ճշտող հարցին, թե գուցե Գուրգեն Հակոբյանը նրա ազգակա՞նն է, Արմեն Հակոբյանը պատասխանեց. «Ազգակցական կապ կա, բայց դա չի նշանակում, որ իմ եղբայրն է»։
Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կարգավիճակ ունի Գուրգեն Հակոբյանը նախաձեռնված կոնկրետ քրեական վարույթի շրջանակում, ինչին ի պատասխան Արմեն Հակոբյանն ասաց. «Եկեք այսքանով սահմանափակվենք»։
Կարդացեք նաև
Մեր հաջորդ հարցին, թե արդյոք Գուրգեն Հակոբյանը ձերբակալվել է քրեական մշակույթին հարելու համար, Արմեն Հակոբյանն արձագանքեց. «Չէ, չէ, նման բան չկա։ Երկար պատմություն է, եկեք այսքանով սահմանափակվենք։ Մեկնաբանություն չկա, պարզաբանում չկա։ Ումից ուզում եք՝ հետաքրքրվեք։ Ես եղբայր չունեմ, երկու քույր ունեմ։ Ցտեսություն ձեզ»։
Մինչև հրաժեշտ տալը հասցրինք նաև ճշտել, թե Գուրգեն Հակոբյանն ինչ կապ ունի Էրեբունու կրակոցների հետ։ Ի պատասխան՝ Արմեն Հակոբյանն ասաց. «Ոչ, կրակոցների հետ ոչ մի կապ չունի։ Ինքը եղել է տանը, քնած։ Կրակոցների հետ որևէ կապ չունի։ Վերջ։ Չեմ ուզում հարցը լսել, հետո չպատասխանել։ Եկեք հարցը չլսեմ, որ չպատասխանեմ»։
Արմեն Հակոբյանը նաև հերքեց լրատվամիջոցների տարածած մեկ այլ տեղեկություն, ըստ որի՝ Գուրգեն Հակոբյանի ձերբակալությունը կապված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում գտնվող նկուղային հարկում գործող խաղատան գործունեության հետ։
«Չկա նման բան»,- ասաց նա։
Իսկ թե այդ դեպքում ինչու է Գուրգեն Հակոբյանը ձերբակալվել, մեր հարցին Արմեն Հակոբյանը պատասխանեց. «Քննչական կոմիտեից հարցրեք»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































